in Ինտերնետ, Փիլիսոփայական

Ֆեյսբուքում գրեցի, գրեցի, հետո կախեց ու կորավ ամեն ինչ։ Հետո մտածում եմ, ի՞նչու չգրել  բոլգում,  այստեղ գոնե տեքստի խմբագրման նորմալ գործիքներ ունեմ ։)

Շատ հաճախ մշակույթի մասին մտածում եմ որպես «կոլեկտիվ գիտակցականի» մասին։ Նրա մասին, թե ինչպես եմ դրան գալիս և ինչ հետևանքներ դա ունի կարդացեք ստորև։

Շատ գայթակղիչ է մտածել, որ ցանկացած ցանց «գիտակցության» որոշակի տեսակ մարմնավորելու  հնարավորություն ունի։ Սկսած տրամաբանական դարպասներից, որոնց միջոցով արվում են տրամաբանական հաշվարկներ, ապա ասենք՝ կիսագումարիչներով, որոնք արդեն հանրահաշվի հիմքն են դնում, դեպի ավելի բարդ համակարգեր։ Արհեստական նեյրոնային ցաներ, մարդու կամ այլ կենդանիների գլխուղեղ կամ ավելի պարզ նյարդային համակարգեր և այլն։

Ցանկացած «մտածողություն», տրամաբանական, մաթեմատիկական կամ այլ «հաշվարկ» ենթադրում է, որ դրա հիմքը հանդիսացող ֆիզիկական կրիչը ցանցային էլեմետներ ունի։ Հատուկ չեմ գրում էլեկտական ցանց, որովհետև միշտ չի, որ էլեկտրական հոսանք կա, ցանցի էլեմենտների համագործակցության համար երբեմն քիմիական եղանակներով են ազդակներ փոխանցվում, ինչպես դա կարելի է տեսնել օրինակ միկրոօրգանիզմեների միջև փոխազդեցությունների ժամանակ։ Ամեն դեպքում սա ընդամենը աբստրակցիայի մակարդակի ընտրության հարց է․ այս էսսեյի շրջանակներում էական չի։

Հիմա եկեք երևակայենք, որ հեռավոր գալակտիկաներից մեկում, կան արարածներ, որոնք ունեն հատուկ տեսակի զգայարաններ, որոնցով  կարողանում են անմիջականորեն  դիտարկել էլեկտրական հոսանքը կամ նույնիսկ ինֆորմացիայի հոսքերը։ Եվ մի օր մեր այս այլմոլորակայինները մոտենում են երկիր մոլորակին և որևէ  դիտարկելի հեռավորության վրա նայում են մեզ։ Ի՞նչ կտեսնեն նրանք։ Նրանք կտեսնեն ցանց, որի մեջ մեծաքանակ  իֆորմացիա և էներգիա է փոխանակվում, մշակվում և կրկին փոխանակվում։ Նրանք կարող են ենթադրել, որ մեր մոլորակը ահռելի մեծ ուղեղ է։ Այն ունի թե բնական և թե արհեստական էլեմենտեր, այսինքն ինչ֊որ իմաստով ուժեղ արհեստական ինտելեկտ արդեն կա, որովհետև այն մտածում է լիքը բաների մասին և փորձում է լուծել բոլոր այն խնդիրները, որոնց վրա կարող էր մտածել նաև մեկ մարդը։ Նաև այդ ինտելեկտը ինքուսուցվող է ․․․

Լավ, եթե մենք ունենք համամոլորակային «ուղեղ», ապա այդ ուղեղը պիտի ինչ որ խնդրի վրա մտածի։ Պիտի ունենա իր գիտակցականը և անգիտակցականը։

Համամոլորակային «գիտակցականը» դա կոնկրետ այդ պահին ակտուալ հիմնական նարրատիվն է, հիմնական միֆը, կարևորագույն պատմությունը և միևնույն ժամանակ այն խնդիրի, որի վրա «մտածում» է մարդկությունը, որի մասին «մտածում» է մոլորակը։

Լավ, գնանք առաջ, իսկ որն է «անգիտակցականը»։ Այն հնում պատմված պատմություններն են, այսինքն մշակույթի բոլոր այն էլեմենտերը, այն գիտությունները և մտածողական համակարգերը, որոնք աշխատում են պատմության հետ։

Ինձ թվում է, որ մինչ֊պոստ մոդեռն ժամանակահատվածում անգիտակցականը իր տեղում է եղել, իսկ գիտակցականը իր տեղում։ Նայենք Քրիստոսի կերպարին, եթե առաջին մոտարկմամբ ենք նայում, դա մի մոնոլիտ կերպար է։ Բայց իրականում այդ կերպարը ստեղծվել է կոնկրետ մարդու կենսագրության, եգիպտական կրոնի, Զրադաշտի, հրեական ամբիցիաների, հունական փիլիսոփայության, ինչպես նաև ազգերի կողմից այդ ամենը վերամեկնաբանելու միջոցով։ Մի մոնոլիտ կերպարը ունի լիքը չգիտակցած բովանդակություն, բոլոր այդ կոմպոնենտները թաքցված են իրար մեջ և մեկ անվան տակ։

Դա կարծես ծրագրավորման օօպ֊ական մի բան լինի, բազմակի ժառանգման միջոցով ստանալ մեկ այլ նոր դաս/օբյեկտ։ Այն էլ այդ կոմպոնենտների միջև կա բազմակի ներդրվածություն։ Որտեղ մեկը մյուսին թաքցնելով օգտագործում է։ Նույնը կարելի է հասկանալ նաև ծրագրավորման ֆունկցիոնալ պարադիգմում, դու կանչում ես մի ֆունկցիա, իսկ թե ինչ ֆունկցիաներ է այն կանչում՝ չգիտես։ Ու քեզ պետք էլ չի իմանալ։ Գիտակցույթան խնդիրը ամենաբարձր մակարդակի ֆունկցիաները կանչելն է, մնացածը ավտոմատ կերպով կկանչվեն անգիտակցան ինչպես ասում ենք տակից։

Քրիստոսի օրինակը միայն մեկ օրինակ է, մենք կարող ենք նայել փիլիսոփայության պատմությունը, որտեղ հաջորդ փիլիսոփաները ներառում են նախորդների գաղափարները ու սխեմաները։ Կարելի է ասել, որ Վիտգենշտեյնը ու Օգոստինոս Երանելին իրար հետ չեն կարող խոսել, որովհետև Վիտգենշտեյնը իր անգիտակցական մակարդակում Օգոստինոսին ներառել է իր մեջ։  Նա օգտագործում է Օգոստինոսին, Պլատոնին, Կանտին և մյուսներին  որպես իր մտածողության ֆունկցիաներ, որոշ դեպքում որպես ծրագրային գրադարաններ, այլ դեպքերում որպես ֆրեյմվորքներ։ Ու կապ չունի մերժում է, ընդունում է, սիրում է, թե ատում նրանց ․․․

Երևի գիտեք, որ կան իրավիճակներ, երբ անգիտակցականի բովանդակությունը սկսում է անկառավարելիորեն դուրս հորդալ դեպի գիտակցություն՝ հոգեկան հիվանդություններ, փսիխոդելիկ փորձեր, գլխուղեղի վնասվածքներ, հոգևոր և մոգական պրակտիկաներ, երազներ և այլն ․․․  Անկախ պատճառից, անգիտակցական բովանդակության անկառավարելի ժայթքումը ճգնաժամային իրավիճակ է, որի ելքը կամ կործանումն է, կամ՝ կեցության ավելի բարձր մակարդակը։

Մեր այս պոստ֊պոստ֊պոստ մոդեռն և ետճշմարտության ժամանակաշրջանը ճգնաժամային է։  Ի՞նչ գործ ունեն միևնույն պատմության մեջ տրանսֆորմերները, դինոզավրերը, մոգերը, ուրբանիստական տխուր երիտասարդները, տեխնոլոգիաները և մոգությունը, անցյալը և ապագան, հյուսիսը և հարավը,  Տորը, Հիսուսը, Մեռլինը (այն էլ ծտագույն կիսատկլոր աղջկա տեսքով), ֆրանսիան, միջագետքը, ատլանդիտան և այլն ․․․  Հազարամյակներով և կիլոմետրերով իրարից հեռու և իրար հետ կապ չունեցող պատմությունները խառնվում են իրար, ազդում իրար վրա, անճանչելիորեն փոխում են իրար։  Էլ չեմ ասում բացարձակ կեղծ ու անկապ, դեբիլ բաների մասին։ Գնչուները կռվում են Հիտլերի զորքերի կազմում ճապոնացիների դեմ !!! Սևամորթները հազարներով հայտնվում եմ միջնադարյան եվրոպային վերաբերող համակարգչային խաղում։ Էլ չասեմ ինստագրամի սթորիների մասին, որոնք ոճերի ու վիզուալ գեղեցկության ընկալումների միաժամանակյա մանիֆեստացիան են, մի կողմից բոլորը իրար հետ են, սակայն իրար են կպցրած անկապ սթիքերների պես, իրար հետ ոչ մի օրգանական կամ էսթետիկ կապ չունենալով։

Նույնիսկ այն բաները, որոնք կարող էին մեկը մյուսի մեջ ներդրված լինել ու  իզուր տեղը բարդություն չավելացնել, դրանք էլ են միաժամանակ ներկա։

Մեկ այլ օրինակ էլ ֆեյսբուքի պատն է․ որտեղ 10֊րում հասցնում ես կարդալ այսպիսի մի հոդված, հետո կարդալ մահախոսական, որից հետո մեկի քաղաքական մեկնաբանությունը, հետո լուր այն մասին, որ երախայի փրկության համար փող է պետք։ Դրանից հետո էլ կարդում ես մարիխուաննայի օրինականացման թեմայով կռծմռտոցը, ապա բողոքներ հեղափոխության մասին, ցանցախուժանների վայրահաչ, հետո հումորային մի տափակ բան ․․․

Ինչ եմ ուզում ասել, մարդկության կոլեկտիվ անգիտակցականը դուրս է թափվել մարդկության կոլեկտիվ գիտակցական։ Մեր մոլորակը բեդ֊թրիփի մեջ է, մենք անկառավարելի կոլեկտիվ հալյուցինացիա ենք տեսնում։ Մեր բոլոր պատմությունները, կերպարները, մտածողական սխեմաները միաժամանակության մեջ են գտնվում ․․․

Չեմ ուզում վատ նոտայի վրա ավարտել, որովհետև ես հավատում եմ, որ ցանկացած ճգնաժամից կա այնպիսի ելք, որը կբերի կեցության ավելի բարձր մակարդակ։ Բայց դրա վրա պիտի աշխատի համակարգի յուրաքանչյուր «նեյրոն»

Դբա Լավը ։)