in Վանաձորցիներ

Մի պոռնիկ կանգնած այս մութ մայթերում…

Մի պոռնիկ կանգնած այս մութ մայթերում
հյուրասիրում է մարմինն իր մեռած,
Իսկ ես` քիչ հեռու, խորհում եմ, որ նա միայն
մարմնով լավ լողալ գիտի:
Քիչ այնկողմ կանգնած հոգուս լող տալը
ոչ ոք չի տեսնի:
Ես կտանեի նրան շա~տ հեռու այս չոր մայթերից:
Կօգնեի հասնել սարի գագաթին ու մնալ այնտեղ,
Որ նա իր համար խորթ իմ աչքերով նայեր քաղաքին:
Ու կզննեի ափսոսանքով լի հիմար հայացքը,
Որ վերևում այս դու մոռանում ես մարմնիդ մասին,
Սիրուն գծերով նրա մարմինը կդառնար հանկարծ
շոր էժանագին,
Կուզեի լինել այս էժան շորով մարդու ընկերը,
Կուզեի խոսել այսքան շատ տարի չասվածիս մասին…..
Ու թե սկսեի տխուր երգերի ուրախ նոտայից,
Մի պայծառ ու զիլ ոռնոց կլսվեր անդունդի եզրին,
Ես կդառնայի հենարան այս խեղճ մերժվածի համար,
Չէ՞ որ ես ունեմ այն, ինչ նա չունի (ես անխնա եմ
հոգուս տեսածի, լսածի հանդեպ),
Իսկ նա էլ, անշուշտ, ունի մեկ ուրիշ նոր բան ինձ համար
(նա անխնա է մարմնի հանդեպ):
Ու էլի կգանք նույն հին վարկածին.
Վերջում մենք մի՞թե նույնը չդարձանք
Հավերժ լրացնող, լրացվող մի բան ուրիշի համար,
Այսինքն ընկեր այս մութ մայթերում ես` մերժված հոգով,
նա` իր մարմնով…….
20.04.08