Հայոց մեջ առաջին անգամ պարոնը գործածվել է Կիլիկյան Հայաստանում: Նշանակել է «իշխան, մեծավոր»: Առաջացել է ֆրանսերեն բարոն «իշխանավոր» բառից, որը գալիս է գերմաներեն բարո «ազատ մարդ» նշանակությունից: Արևմտահայերը հետագայում գրել են պարոն, որ կարդան բարոն: Մենք հիմա պարոն գրում, պարոն արտասանում ենք: Հարց է առաջանում՝ ինչու՞, երբ մենք ունենք մի քանի հիանալի բառ: Դրանցից առաջինը տիար բառն է:
Տիար բառը ծագում է տիայր կամ տէայր ձևից, որը կազմված է տէ – մեծ և այր – մարդ բառերից: Այսինքն՝ «մեծ մարդ»: Հետագայում տիայր-ի յ-ն ընկել է, և ստացվել է տիար հիանալի դիմելաձևը, որը թե՜ հնչողությամբ, թե՜ ստուգաբանորեն խիստ հայեցի է և հանձնարարելի:
Ընդ որում, այս բառը ժամանակին հաստատել է տերմինաբանական կոմիտեն, հետագայում՝ նաև լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհուրդը:
Տիայր-ի հնչյունափոխված մեկ այլ ձևն է տէր-ը:
Այստեղ միանգամից ասենք նաև տիկին բառի մասին, որը, նախորդի նմանությամբ, նշանակում է «մեծ կին»:
Այժմ տեր-ը դարձել է միայն հոգևոր դասի ներկայացուցիչներին դիմելու ձև:
Մյուս հիանալի դիմելաձևը ընկեր բառն է, որը հիմա, ցավոք, կիրառվում է միայն մի շերտի կողմից: Ըստ Հր. Աճառյանի՝ առաջացել է ընդ կեր «միասին ուտող, հացակից, ճաշակից» ձևից: Ինչպես ընտիր-ը՝ «ընդ դիր» ձևից և այլն: Կա նաև «միասին գործող, գործակից» մեկնաբանությունը: Ինչ էլ լինի՝ ընկեր բառը մնում է հիանալի դիմելաձև:
Հաջորդ դիմելաձևը, որն այժմ բավականին տարածում է գտնում և շատ խրախուսելի է, եղբայր ձևն է: Դուք, իհարկե, հիշում եք եղբայր բառի ծագումնաբանությունը: Հիշում եք, թե ինչպես ռուսերեն բրատ, հայերեն եղբայր բառերը ծագել են նախալեզվի բհրատեր բառից:
Եղբայր-ից ստացվել է աղբայր – աղբեր – աղբար – ախբեր – ախպեր: Ահա թե որտեղից է ախպար-ը: Իսկ ախպեր-ից՝ ապեր, ապե և ապ: Այսինքն՝ ապ-ը նույն եղբայր բառի կրճատված ձևն է:
Հաջորդը հորեղբայր-ն է, որն իր երկարության պատճառով կարծեք թե չի դառնում հաճախ գործածվող դիմելաձև: Փոխարենը մեր լեզու մուտք է գործում հոպարը, որը հորեղբայր-ի հնչյունափոխված ձևն է: Թող մուտք գործի, ինչ կա որ: Ձյաձյա-ից, ձաձա-ից, դյադյա-ից, դյադ-ից հաստատ որ լավն է:
Եթե խոսք բացվեց ձյաձյա-ի մասին, նշենք նաև քեռի դիմելաձևը: Կարծիք կա, որ առաջացել է քույր բառի սեռական հոլովից՝ քեռ: Ինչպես, օրինակ, քեռայրը, որը նշանակում է «քրոջ մարդ, ամուսին»: Քեռի-ն, որպես դիմելաձև, հայերենին խորթ պատճենում է, ռուսերենից եկող, այդ պատճառով էլ չի մտնում մեր լեզվի շատ գործածական շերտի մեջ:
Որոշ շրջաններում կիրառում են հարգելի դիմելաձևը: Հարգելի-ն առաջացել է արգ պարզ արմատից, որ նշանակում է «պատվական»: Ունենք մեծարգո, այսինքն՝ «մեծապատիվ», անարգ՝ «նվաստ, ստորին»:
Մի քանի խոսք էլ կանանց դիմելաձևերի մասին: Տիկին բառի մասին արդեն խոսեցինք: Այսօր, ցավալիորեն, մեր լեզվում տիկին բառի փոխարեն արմատացել է մի ժարգոնային անճոռնի բառ՝ տյոտյա, (տոտա, ծյոծյա), որը, ինչպես ասացինք նախորդ զրույցներում, նշանակում է «տատիկ»:
Ունենք օրիորդ գեղեցիկ բառը՝ «կույս աղջիկ» նշանակությամբ, կամ, ավելի լայն իմաստով՝ «ընդհանրապես կին»: Կարծիք կա, որ առաջացել է շումերերեն օար «էգ» բառից, կամ ուրարտերեն «տեր» նշանակությունից:
Մորաքույր դիմելաձևը նույնպես դուրս չմղեց օտար ծյոծյա-ին: Երկար է, կարճացնում են, դառնում է մորքուր կամ մոքիր, որոնք արդեն ծաղրական իմաստ են ձեռք բերել:
Մայրիկ բառը մնում է անգերազանցելի ծեր կանանց դիմելու համար, ինչպես որ հայրիկ-ը՝ տարիքով տղամարդկանց:
Մյուս դիմելաձևը աղջիկ-ն է: Աղջիկ բառը առաջացել է աղիջ կամ աղիճ բառից, նշանակում է «կույս, մանկամարդ կին, դուստր, դիցուհի»: Հետաքրքիր է, որ կոչական ձևը՝ աղջի, ախչի, լայն տարածում ունի, բայց համարվում է ոչ հանձնարարելի: Դա, ամենայն հավանականությամբ, երկրորդ նշանակությունից է գալիս, որ է՝ «անբարո»:
Այդպես է նաև վրացերենում, թուրքերենում, ֆրանսերենում, երբ աղջիկ բառի երկրորդ իմաստն «անբարո կին»-ն է: Ժողովրդական ստուգաբանությամբ՝ Ադամը կենդանիների մեջ երբ չգտավ կին, գոչեց. «Ա՛հ, չիք», ասել կուզեր՝ աղջիկ: Եվ աստված ստեղծեց Եվային:
Իհարկե, կան նաև բարբառային դիմելաձևեր՝ նան, նանի, անա, որոնք գալիս են շատ հին լեզվաշերտից:
Վերջում ավելացնենք մի քանի բարբառային դիմելաձևեր, որոնք կրճատվել են գոյականներից:
Ծո՝ արական կոչական ձայնարկություն: Վրացերեն ծուլի՝ «տղա» բառից: Նույնն են՝ ձո, ձա:
Ատա, ադա կամ արա՝ կրճատված է այ տղա ձևից. այ տղա – այ տա – ատա: Իսկ տ-ն ր հաճախ է դառնում: Չնայած կարծիք կա, որ արա դիմելաձևը գալիս է Արա աստծու պաշտամունքից:
ՎԱՍ