բաժին Պայքար

Լևոն Բարսեղյանը հաշվել է, որ Ազատության Հրապարակում , միայն ասֆալտի վրա տեղավորվում է միջին խտության դեպքում 37-39 հազար մարդ, իսկ բարձր խտության դեպքում 42-45 հազար մարդ:

Հաշվարկը ռեփոստ եմ անում նաև այստեղ, որովհետև ֆեյսբուքում ամեն լավ բան պատի պլինտուսի տակ կորչելու հատկություն ունի:

560028_10200585247903051_503781285_n

Ինչքան մարդ է տեղավորում Ազատության հրապարակը

Սովետից սկսած լսում ենք, որ հանրահավաք անցկացնողների կարծիքով Ազատության հրապարակում այսքան մարդ կար, իսկ իշխանությունների կարծիքով` այնքան: Որքան մեծ է այդ երկու թվերի տարբերությունը, այնքան սուր են առկա կամ ակնկալվող քաղաքական առճակատումները:

Բերեք գոնե հաշվենք, թե ինչքան մարդ կարող է տեղավորել Ազատության հրապարակը: Գուգլից քաղած այս լուսանկարում նեւքեւի ձախ անկյունում երեւում է մասշտաբը` այսքան չափը` 20 մ, ես սարքեցի 10 մետր կողով քառակուսիներ եւ վանդակացանցով ծածկեցի լուսանկարը: Ապա հաշվեցի ամբողջական վանդակների թիվը` 66 հատ ու ոչ լրիվ վանդակների թիվը` 23, խոսքը միայն կիսաշրջանաձեւ կամ լայն լուսնաձեւ ասֆալտածածկ հատվածի մասին է: Ստացվեց ընդամենը 7750 քառակուսի մետր:

Հանրահայտ է, որ հանրահավաքների ժամանակ հարթակին մոտ հատվածներում շատ ավելի խիտ են կանգնում մարդիկ, 1 քառակուսի մետրում 6-7 նույնիսկ 8 հոգի` իրար կիպ, հպված, միջին մասում` նվազ` մոտ 5 հոգի 1 քառակուսի մետրում, եզրերին կամ «լուսանցքային» մասերում ու նստարանների մոտ նոսր` 3-4 հոգի/1 քառ մետր:

Անշուշտ լինում են հանրահավաքներ, որոնց ժամանակ հարակից այգիների ու գազոնների հատվածներում էլ են մարդիկ հավաքվում: 88-ի փետրվարյան հանրահավաքների վերջում փետրվարի 25-26-ին, մարդկանց խտությունն այնքան մեծ էր, որ դադարեցվել էր երթեւեկությունը հարեւան Տերյան, Սայաթ-Նովա եւ Թումանյան փողոցներում, դա պարզ երեւում էր Տիկնիկայինի թիկունքի բարձրահարկերի կտուրներից, ուր թառում էինք լավ լուսանկարներ անելու համար:

Վերադառնալով հրապարակի «թողունակությանը»` միջին մոտավոր հաշվով 5-ական հոգի հաշվելով յուրաքանչյուր քառակուսի մետրում, դա այն թիվն է, երբ մարդիկ կարող են կանգնել իրար մոտ, սակայն առանց իրար դիպնելու, 7750 քառակուսի մետրում կարող են տեղավորվել 37-39 հազար մարդ: Մեծ խտության դեպքում` մինչեւ 42-45 հազար մարդ` միայն ասֆալտին:

Այսուհետ շատ հետաքրքիր կլինի, որ մարդաքանակ հայտնողները առաջիկա օրերին եւ այնուհետ դիտարկեն մարդկանց խտությունը, եւ առաջնորդվեն մարդ-մակերես սկզբունքով:

Մեկնաբանությունները փակված են