Գարեգին Չուքասզյան («Էլեկտրոնային բովանդակություն» ասոցիացիայի ղեկավար)
– Պետք է հասկանանք, որ կրթական համակարգի ճգնաժամային վիճակը միայն Հայաստանին հատուկ չէ, ամենուրեք նման խնդիրներ կան։ Օտար դպրոցները նույնպես բազմաթիվ խնդիրներ ունեն եւ փորձում են նոր իմաստ ձեռք բերել։ Եվ ո՞վ ասաց, որ օտար դպրոցի այն մոդելը, որը բերելու ենք, արդեն փորձարկված ու գտնված է։ Անցյալում մենք միշտ կարողացել ենք լուծել մեր խնդիրները, ինչո՞ւ հիմա չենք կարող։ Իհարկե, պետք է սովորել աշխարհից ու փոխանակման համակարգ ձեւավորել, բայց ինքնության միջուկը անմիտ բացել չի կարելի։ Չմոռանանք, որ Մխիթարյանների դպրոցի մոդելը շատ հաջող տեղափոխվեց առաքելական
միջավայր՝ Գեւորգյան ճեմարանի տեսքով։ Իսկ դրանից առաջ էլ՝ Ներսիսյան ճեմարանի։ Նման փորձ մենք ունեցել ենք։ Մենք բնավ էլ անցյալի ժողովուրդ չենք եւ նորագույն օրինակելի դպրոց ստեղծելու համար ներուժ ու գիտելիքներ ունենք։ Ես հատուկ եմ շեշտում օրինակելի դպրոցի գաղափարը, քանի որ էլիտար դպրոցը բոլորովին այլ բան է։ Երկիրը պետք է սոցիալական «լիֆտի» հնարավորություն ստեղծի ու լավագույններին գերազանց ուսում տա։ Որբ Կոմիտասն, օրինակ, կարողացավ օրինակելի դպրոցում սովորել ու Եվրոպա մեկնել հենց նման «լիֆտի» շնորհիվ։ Այդ շրջանառությունն ուղղակի անհրաժեշտ է պետության համար, քանի որ այդ ճանապարհով են ի հայտ գալիս ազգի դեմքը հանդիսացող անձերը։ Երբ միջուկ, այսինքն՝ դաստիարակված ոգի կա, շրջանառությունը օգնում է հղկել բոլորի գիտելիքները։ Կոմիտասը Գերմանիա էր մեկնել՝ ձեւավորված միջուկն իր հետ տանելով։ Իսկ մենք հիմա ուզում ենք, որ մեզ օտարները դաստիարակեն՝ մոռանալով, որ մենք այս գլոբալ հոգեւոր տարածքում արդեն իսկ մեր հստակ հասցեներն ունենք։ Այո, մեր այսօրվա դպրոցը վատն է, բայց ոչ թե այն պատճառով, որ այն հայկական է, այլ՝ որովհետեւ այն բավարար չափով հայկական չէ ու մեզ հասած ժառանգության տերը չի։ Սոցիալական համակարգ փոխելով ու անցնելով շուկայական տնտեսությանը՝ պետք է ընդունենք, որ հիմա աշխարհում թվանշայնացման հեղափոխություն է տեղի ունենում։ Եվ դպրոցը չի կարող շրջանցել այդ պրոցեսը։ Իսկ մենք այդ լրջագույն հարցերը մի կողմ դրած՝ խոսում ենք օտար լեզվով կրթություն ստանալու մասին։ Ի՞նչ է, մեր դպրոցներում հայերեն լեզուն պետք է «տնվոր» լինի՞։
Հայաստանի ժուռնալիստների միության վարչություն
21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերին՝ համաշխարհայնացմանը, որ սպառնալիք է հատկապես փոքրաթիվ ժողովուրդների համար, մենք պիտի դիմագրավենք նաև մեր լեզվով, իսկ մեր ինքնության հիմնական արտահայտչամիջոցին՝ մայրենի լեզվին ամեն հայ մանուկ նախ և առաջ տիրապետում է ազգային դպրոցում: Նա, ով ի սկզբանե մայրենի լեզուն չի յուրացնում, այլ լեզուներ չի կարող յուրացնել: Մենք վտանգավոր քաղքենիություն ենք համարում Հայաստանում բազմացող լեզվական թեքումներով դպրոցներն ու այլՙ օտարահունչ հորջորջումներով վարժարանները, որոնք շերտավորում են մտցնում առանց այն էլ շերտավորված մեր իրականությունում: Հայաստանում, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, միայն մի՝ ազգային վարժարան պիտի լինի, որի բոլոր սաները, մայրենի լեզվին տիրապետելուն զուգընթաց այլ լեզուներ էլ սովորեն:
Ուստա Հրանտ
Լեզուն առնչվում է փիլիսոփայության եւ գիտության հետ, որովհետեւ լեզուն հստակ մտքի, իմաստների եւ հասկացությունների կերտման ոլորտն է:
Լեզուն առնչվում է մշակույթի հետ, որովհետեւ արժեքների եւ ասելիքի հարց է:
Լեզուն առնչվում է բարոյագիտության հետ որպես ճշմարտության եւ կեղծիքի հարց:
Լեզուն առնչվում է քաղաքականության հետ, որովհետեւ լեզուն սահմանում, հետեւաբար նաեւ` բաժանում է, հետեւաբար նաեւ տալիս է ընտրելու հնարավորություն:
Լեզուն առնչվում է հանրապետական հասարակարգի հետ, քանի որ վերջին կառուցված է հրապարակային խոսքի եւ բանավեճի շուրջ:
Լեզուն առնչվում է իրավունքի հետ որպես ազատ խոսքի հարց:
Լեզուն առնչվում է կառավարման տեխնոլոգիայի հետ որպես որոշումներ ընդունելու գործիք: Անորոշ լեզուն` հիմքն է անարդյունավետ որոշումների:
Լեզուն առնչվում է հեղափոխության հետ, որպես իրերին իրենց անուններով կոչելու գործիք:
Լեզուն առնչվում է պատմության հետ, որովհետեւ պատմական զարգացման ե՛ւ առարկա է, ե՛ւ ենթակա:
Լեզուն առնչվում է ազգայինի հետ, որովհետեւ ինքնության հարց է:
Լեզուն առնչվում է հոգեւորի հետ, որպես «լեզուներով խոսալու»` գլոսալալիայի հարց:
Լեզուն առնչվում է կրթվածության հետ որպես «լեզուներ իմանալու» հարց:
Լեզուն առնչվում է պետության հետ որովհետեւ անկախության հարց է: