բաժին Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Հայոց Լեզու, Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №5

Արա Պետրոսյան (բլոգեր)

Իմ սիրտը անկեղծորեն խառնել ա: Ասեմ ինչից:
ա) բացառապես ու միմիայն գրական հայերենով խոսող էակներից: Դրանց նմանեցնում եմ բալզամացված մումիաներին:
բ) խոսակցական լեզվում հայերենն ու ռուսերենը 50-50% խառնող էակներից: Դրանք նման են Յանուսին: “Բա չիմացար вчера зашли в этот…как его կոշիկի խանութ, ախչի դու տենայիր какие там сапожки были լրիվ կես գին, представляешь…”: Ու հենց դրանք ո՛չ հայերեն նորմալ գիտեն, ո՛չ ռուսերեն:
գ) ցանկացած օտարալեզու բառ հայերեն թարգմանել փորձող էակներից: Դրանք նման են նախնադարյան  քարացած մուտանտակմախքի: Մի ժամանակ Հենրիկ Հովհաննիսյանը լավ օրինակ բերեց: Ասում էր. ինչի ենք մենք թարգմանում president բառն ու դարձնում նախագահ: Ռուսները կարան չէ ասեն` председатель, բայց ասում են президент России…:
դ) էն էակներից, ովքեր ունեն հնարավորություն հայատառ գրելու, բայց упорно շարունակում են գրել լատինատառ, ու ամենաբոցն էն ա, որ իրանց հարցնում ես` ասում են` անգլերեն եմ գրում :-)))))
Ու նաև չեմ ընդունում էն բլօգերներին, ովքեր упорно ռուսերեն են գրում ու դա բացատրում այս կերպ` որ բլօգս շատ այցելուներ ունենա, հիմնականում եղբայրական Ռուսաստանից…
Աղբյուր

Գևորգ  Արզումանյան («Վերելք»  պատմամշակութային  ակումբի  անդամ)

Գնալով շիկանում է հակամարտությունը կրթության օրենքի չարաբաստիկ փոփոխության շուրջ: Մեր նպատակն է շահագռգիռ կողմերին գիտական հիմնավորումներ և ապացույցներ ներկայացնել լեզու-գեն փոխկապակցվածության մասին, որը վերաբերվում է միջուկային գենետիկայի բնագավառին:


Օտարալեզու կրթության ծրագրի հեղինակները վերջերս մտածված     «բլեֆ» են անում, երբ սկսել են անցողիկ-սահեցնող տարբերակ առաջադրել, թե իբր կսահմանափակվեն օտարալեզու կրթության չափորոշիչները:  Մինչդեռ  դա ինքնախաբեություն է, քանի որ արդյունքում կիրականացվի այն, ինչ նախատեսված  կամ պատվիրված է ի սկզբանե’ «ով վճարում է, նա էլ պատվիրում է» հայտնի սկզբունքով:  Եվ կունենանք այն, ինչից դարերով խուսափում ենք’ գենափոխություն-ազգափոխություն:

Անհնարին իրագործելի տեսակետ է, երբ ասում են, թե իբր,  օտարալեզու դպրոցները  կգործեն հայալեզու դպրոցների  հետ հավասարության սկզբունքով, կսահմանափակվի սկզբնական տարիքը կամ առարկաների քանակը, այն կուսուցանվի 4-5-րդ դասարաններից սկսած և այլն, քանի որ այդ դեպքում կստացվի օտարալեզու անհասկանալի և անորակ ուսուցում, նախնական ձևավորվող լեզվամտածողության խաթարում /լեզվամտածողությունը ձևավորվում է մինչև 10-12 տարեկանը/, հետևաբար  աստիճանաբար այն կփոխեն 1-ին դասարանից, հետո մանկապարտեզից: Ներկայումս էլ, երբ գործող օրենքը սահմանափակում է երկկողմանի հայ ծնողներին երեխային օտարալեզու դասարան տանելու, կիրառում են այն շրջանցելու հնարամիտ եղանակներ: Անգամ հայկական դպրոցներում տարեց-տարի նվազեցնում են հայոց լեզվի և գրականության ժամերը, այն դարձնելով շաբաթական 2-3 ժամ, փոխանակ ուսուցանելու նաև արևմտահայերն ու գրաբարը։ Կրթական ծրագրում մտածված խոսք չի գնում հայալեզու դպրոցներում ինչ ճակատագիր են ունենալու օտարալեզու դասարանները։
Աղբյուր

ahousekeeper (բլոգեր)

Լեզուն չի կարող զարգանալ (իսկ զարգացումը լեզվի պահպանման առաջին ու պարտադիր նախապայմանն է) որոշումներով, հրամաններով, ստորագրահավաքներով ու բողոքի ցույցերով։ Ենթադրենք, որ օրենքը չանցավ։ Ենթադրենք, որ օտարալեզու դպրոցներ չբացվեցին։ Հետո՞։ Մեկ-երկու շաբաթից նորից կվերադառնանք Կենդանի Մատյանում ռուսալեզու գրառումներին, Ֆեյսբուքում անգլերենով երկխոսություններին և այլն։
* * *
Եկեք նաև ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. իսկապես խիստ սակավ են օտարալեզու գրականության թարգմանությունները, մեզանից շատերն ունեն շատ փոքր բառապաշար, լավ չեն տիրապետում հայերենի քերականությանն ու շարահյուսությանը։ Համաձա՞յն եք։
Այս բացերը չեն կարող լուծվել համագումարներով ու բողոքներով։ Աշխատել է պետք, ընդ որում աշխատել համակարգված՝ ունենալով երկարաժամկետ ծրագիր և մշակված քայլեր այդ ծրագիրն իրականացնելու։ Ըստ այդմ վերադառնամ արդեն բարձրաձայնված հայկական ակումբների ստեղծման գաղափարին։
* * *
Ի՞նչ կարող ենք անել արդեն այսօր։
Ա. Որպես ռուսերենով դասավանդումը արդարացնող փաստարկ Աշոտյանը վկայակոչում է այն փաստը, որ հայերը ֆորումներում ավելի շատ ռուսերեն են գրում, քան հայերեն. «В короткой речи министр подчеркнул, что сегодня русский язык доминирует в информационной среде Армении не только в традиционных медиаресурсах, но и в интернет-форумах»։ Հասկանալի է, որ նախարարը մեղմ ասած անազնիվ է խաղում։ Մոռանում է կամ չգիտի, որ համացանցում հայերենով քիչ թե շատ լիարժեք աշխատանքը հնարավոր է դարձել մոտ 5–6 տարի ավելի ուշ, քան, օրինակ՝ ռուսերենով, և որ նույն այդ ռուսալեզու հայկական ֆորումներում շատ են հայերենին ընդհանրապես չտիրապետող ռուսահայերը։
Ցանկացած դեպքում հստակ երևում է աշխատանքի առնվազն մեկ ուղղություն. հայերենի դիրքերի ուժեղացումը մատյաններում, ֆորումներում, ընդհանրապես համացանցում։ Եւս մեկ օրինակ՝ մինչ այսօր էլ շատ հայեր օգտվում են mail.ru փոստից, և սա այն դեպքում, երբ mail.ru-ն մինչև այսօր հայատառ հայերենը չի արտապատկերում։
Բ. Անձամբ ես անընդհատ նեղվում եմ բառապաշարի պակասից։ Եւ ոչ միայն ես։ Կարիք կա մշակելու գործողությունների մի շարք՝ լինի դա խաղեր, վարժություններ, դասախոսություններ, դասընթացներ, որոնց արդյունքում բոլոր ցանկացողները հնարավորություն կստանանք (կստանամ ;)) ոչ միայն իրենց բառապաշարը հարստացնել, այլև շրջանառության մեջ վերադարձնել այն բառերը, որոնց պահանջը կա, բայց որոնք ինչ-ինչ պատճառներով մոռացվել են։
Գ. Խնդիրներ կան ընդհանրապես որակյալ գրելու. ըստ այդմ անհրաժեշտ են դասընթացներ և այլ միջոցառումներ, որոնք կսովորեցնեն գրել. սկսած քերականության, շարահյուսության ու ոճաբանության ուսումնասիրությունից, վերջացրած ծանոթությամբ գրականության տեսությունով ու հոդվածներ գրելու ձևերով։
Դ. [դուք ասեք…]
Հաջորդ գրառումներում կփորձեմ առանձին-առանձին մանրամասնել վերը նշված կետերը։ Անհրաժեշտ է նաև վերլուծել ու ցուցակագրել մեր տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու որոշել դրանց առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները։
Աղբյուր

Երեխայի ծնող

Եվ հիմա հանկարծ որոշվում է, որ այդ դպրոցը` կրթության և գիտության նախարարության թեթև ձեռքով, պետք է դառնա օտարալեզու: ԻՆՉՈՒ?: Իսկ ուր պետք է գնան այն երեխաները, որոնց պետք չէ օտար լեզվով սովորել օրինակ կենսաբանություն կամ ֆիզիկա: Ես ուզում եմ, որ իմ երեխան իր մայրենի լեզուն սովորի և մայրենիով ստանա կրթություն, որը պետական դպրոցը պարտավոր է տալ իմ երեխային: Ինչու պետք է ես իմ երեխային այդ դպրոցից հանեմ, որ նրա փոխարեն գա մեկ այլ երեխա, որի ծնողը նախընտրում է օտարալեզու կրթությունը: Ես ուզում եմ իմ երեխան հետագայում ապրի իր երկրում ու աշխատի իր երկրում ու իր երկրի համար: Իսկ այն ծնողները, որոնք իրենց երեխայի ապագան տեսնում են այս երկրից դուրս, այլապես արդարացված չէ օտար լեզվով ընդհանուր կրթություն ստանալը, թող միջոցներ տրամադրեն և նոր շենք կառուցեն իրենց երեխաների համար:
Աղբյուր

Մեկնաբանությունները փակված են