Մտածեցի , որ արժե այս մասը նաև առանձին փոստով ունենալ։ Խոսքը գնում է մարմնի ու դեմքի շարժումները դիտելու միջոցով մարդուն «կարդալու» հմտության մասին։
- Դիտեք ֆիլմը անպայման
- Կարդացեք մի երկու գիրք այս թեմայով, կարևոր չի թե որ գրքերը, կարևորը որ ձեր ուղեղը սկսի այս ուղղությամբ մտածել
- Եղեք ուշադիր, եթե դուք մարդկանց նկատմամբ ուշադիր չլինեք, ձեզ ոչինչ չի օգնի, ոչ մի գիրք ու ֆիլմ։ Մի ասացվածք կա, չէմ հիշում որտեղից , բայց այսպես է հնչում․ «Աշխարհում ամենակարևոր մարդը նա է, ով հիմա քո դիմաց է գտնվում»։
- Ժամանակ առ ժամանակ դիտեք թոք-շոուներ
- Դիտեք կենդանի կատարմամբ համերգներ, ուշադրություն դարձնելով ոչ թե ֆրոնթմեններին, այլ երաժիշտներին, սրանք հիմնականում արտահայտում են շատ անկեղծ էմոցիաներ։ Նաև հանդիսատեսների մեջ անկեղծության գոհարներ են հանդիպում։
- Դիտեք մարդկային մեծ հավաքների տեսագրություններ , միտինգների, սպորտային խաղերի, այստեղ էլ մարդկային ամբոխի ոգևորությունը կարող է անկեղծ ու լավ արտահայտված էմոցիաներ արթնացնել։
- Ուշադիր դիտեք քաղաքական գործիչների ելույթները, սուտ խոսելը նրանց մասնագիտությունն է
- Սոց․ ցանցերը տվել են հրաշալի հնարավորություն, բազմաթիվ մարդկանց կարելի է տեսնել հազարավոր լուսանկարների վրա, դրանց մեջ պատահում են անկեղծ նկարներ, անկեղծ էմոցիաներով, դրանց էլ է պետք ուշադիր լինել։
- Եղեք սառնասիրտ երբ ձեր մտերիմների սուտը բռնեցում եք, ավելի լավ է հասկացեք, թե ինչու են ձեզ խաբում, դրան հաստատ պատճառ կա, ու չի բացառվում, որ պատճառը հենց ձեր մեջ է
- Հայաստանում կիրառական հոգեբանության լավագույն ուսուցիչները քյառթուներն են, հա, հա, մարդուն կարդալու, մանիպուլյացիայի, ստի ու մոլորության մեջ գցելու։ Կարող եք չընդունել նրանց արժեքային համակարգը, բայց հաստատ այս առումով շատ բան կա սովորելու նրանցից։
- Նաև կարևոր է, որ ուշադիր լինեք ինքներդ ձեր նկատմամբ, ձեր մարմնի նկատմամբ, ինչպես է այն շարժվում տարբեր հոգեվիճակներում, այս առումով օգտակար կլինեն Գուրջիևի ու Կաստանեդայի որոշ վարժություններ, նաև հոգեբաններ Ռայխի ու Լոուենի տեսությունները, դրանք չէմ նկարագրի, ցանցում լիքը կա, կարող եք ինքներդ գտնել։ Ուրիշին հասկանալու գաղտնիքը ինքդ քեզ հասկանալու մեջ է։