բաժին Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ)

Հ. Թումանյանի նամակներից (մեջբերումներ)

Մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով՝ երջանկության խնդիրն է – էդ էլ ինձ համար հոգու խաղաղությունն ու սրտի մաքրությունն է: Բայց էս էլ քիչ բան չի, հա՜: Գրեթե ամեն բան է ու ամենամեծ ուժը, ինչ որ կարող է ունենալ մարդ արարածը: Էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին:

Մեր կյանքը, չնչին բացառությամբ, հյուսված է այսպիսի օրերից՝ խեղդուկ է օդը, ժամերը ձանձրալի, երկինքն էլ կարծես վերևից ճնշող մի ծանր, բանտային կամար լինի: Այն, ինչ որ մաքուր ու վեհ է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանք է հորինում իբրև — այն էլ շատ է նողալի: Մեր կյանքին պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտում ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան: Բայց թող անկեղծ խոսեմ՝ ամենից առաջ պոեզիան: Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այս օրերը, որ միայն տրտունջ են հարուցանում:

Ես հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում և բանաստեղծության մեջ էլ այն, որ ոչ արտասուք ունի, ոչ հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի վոլիմպիական, վսեմ, արհամարհոտ թռիչք դեպի լավագույն աշխարհները և ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտները:

Այստեղից