in Թարգմանություններ

Նյութը տպագրվել է National Geographic ամսագրի 1919թ. օգոստոսի համարում, թարգմանեց Եվան:

Դեպքերը կատարվում են Վանում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքում, որի հնության մասին վկայում են Քեսլ Ռոքի՝ հաղթած տոհմերի առաջնորդների թողած մի շարք արձանագրություններ:

Ողբերգությունն ուրվագծված է ավերված տներից յուրաքանչյուրում, բայց ընդհանուր տեսարանն անհավանական հմայք ունի: Ձախի վրա՝ հարավ-արևմուտքում, ձնապատ լեռների փառավոր շղթան է, որը Հայաստանը բաժանում է Տիգրիսի հովտից:

Մեր դիմաց առանձնապես սքանչելի Վանա լճի ջրերն են, որոնցից այն կողմ՝ 40 մղոն հեռավորության վրա Նեմրութի հրաբերան մշուշոտ գագաթն է երևում: Մի փոքր դեպի հյուսիս կարելի է տեսնել Սիփանի նուրբ կոնաձև գագաթը. Այս ալեհեր լեռան գագաթին է առաջինը կանգ առել Նոյյան տապանը, հետո միայն հասել ավելի հեռու՝ դեպի հյուսիս գտնվող ու հզորությամբ գերազանցող Արարատին՝ նրան փոխանցելով փառքը:

Աջ կողմում ձյունը հատվում է մուգ հողագույն լայն ժապավենով՝ սա նահանջներիի ճանապարհն է, Մահվան ստվերի հովիտ տանող ուղին:

Ես բարաքներ էի կառուցում կրակի սպիերով պատված ցեխաշեն հյուղերից, որտեղ ընտիր կարպետներն ու մետաքսե վարագույրները ժամանակին արևելյան շքեղություն էին հաղորդում գեղեցիկ տների ու կանաչ պարտեզների քաղաքին, և աշխատանք էի տրամադրում, որի միջոցով հպարտ կանայք կարողանում էին հացի գումար վաստակել:

Ոտքով Արտեմիդից Վան հասած կամավոր տղաների ջոկատի մի մասը, ՀայաստանՁմեռվա ձյան միջով նրանք եկել էին՝ հայ նահանգապետից իսկական հրացաններ խնդրելու, որոնցով կարող էին պաշտպանել իրենց տները: Տղաներից ամենաավագը 12 տարեկան էր: Նրանք ինքնուս էին և վեց մղոնանոց ճանապարհն անցել էին առանց Արտեմիդի պահակախմբի թույլտվության կամ իմացության:

Ոտքով Արտեմիդից Վան հասած կամավոր տղաների ջոկատի մի մասը, Հայաստան
Ձմեռվա ձյան միջով նրանք եկել էին՝ հայ նահանգապետից իսկական հրացաններ խնդրելու, որոնցով կարող էին պաշտպանել իրենց տները: Տղաներից ամենաավագը 12 տարեկան էր: Նրանք ինքնուս էին և վեց մղոնանոց ճանապարհն անցել էին առանց Արտեմիդի պահակախմբի թույլտվության կամ իմացության:

Մի ահռելի տան մեջ ատաղձագործները լուսամուտներ և դռներ են պատրաստում՝ ավելի բնակելի դարձնելու համար հյուղերը, որտեղ խմբված են մարդիկ: Այստեղ նաև տոննաներով բուրդ են մաքրում, գզում ու մանում՝ թուլացած կանանց ծակող ցրտից պաշտպանելու համար:

Ամերիկյան բարեգործությունն աշխատում է այնտեղ, ուր թշվառությունն անզգայացվում է ապագա խաղաղության հույսով, ուր բոկոտն երեխաները, ճռճռացող ձյան միջով քարշ գալով, ժպտում են՝ տարուբերելով փոքրիկ սևացած դույլերը, որոնցով հույս ունեն մի փոքր ջրալի ապուր ստանալ ու փափկեցնել սև հացը, որից իրենց կյանքն է կախված:

Նահանգապետն ու ես մտերիմ ընկերներ ենք: Երբ նա երիտասարդ էր, որպես վերելակավար աշխատում էր Բոստոնում և սովորել է իր անգլերենն այն բարի մարդկանցից, ու ծառայել է: Հիմա նա տիրություն է անում հայերի այս խղճալի խմբին, մինչև որ Միացյալ բանակը կհաղթանակի և ազատություն կբերի երկրին, որը նա սիրում է:

 

Արտեմիդի բանակի երկու փոքրիկ զինվորներ:

Արտեմիդի բանակի երկու փոքրիկ զինվորներ:

Մի անգամ, երբ գործերից հետո վերադառնում էինք համեստ կավաշեն հյուղակը, որը կառավարության անշուք տունն էր, մեր ճանապարհը կտրեց 8-12 տարեկան փոքր երեխաների մի զավեշտալի խումբ:

Կառավարիչը հանդիսավոր ողջունեց արժանապատվորեն կանգնած փոքրիկ հրամանատարին և հարցրեց.

«Ի՞նչ կարող է անել նահանգապետն այս ազնիվ քաղաքացիների համար»:

«Մենք եկել ենք՝ փոխարինելու մեր պատրաստած փայտե հրացաններն իսկականներով: Մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը»:

«Մենք խիստ պահանջ ունենք հրացանների, իմ զինվոր», ասաց նահանգապետը, «հրացան կարող ենք տրամադրել միայն նրանց, ով պատրաստված է»:

Պատասխանը չհապաղեց. «Մենք մարզված ենք, պարոն»:

Նահանգապետին գործեր էին սպասում ու ժամանակը գնում էր, բայց նա ասաց. «Ապա տեսնեմ՝ ինչ եք կարող անել»:

12 տարեկան առաջնորդը կտրուկ հրաման է տալիս և թեթև տախտակներից պատրաստված 28 փայտե հրացաններն աղմուկով հայտնվում են ձնոտ փողոցում: Դրան հետևում են հրամանները՝ «ի զեն», «զենքն աջ ուսին», «ամրացնել սվինները»: Մանկական դեմքերին ժպիտի ոչ մի հետք չկա:

Շարք կազմելու հրամանից հետո չդաբաղված կաշվից ոտնամանները սկսեցին չորսական զույգով հետո ու առաջ շարժվել: Զինվոր-զինվոր այս խաղը մեզ ստիպում է հպարտորեն ժպտալ, սակայն ինչ-որ բան քերծում է կոկորդն ամեն անգամ, երբ տեսնում ենք պատերազմի աշխարհը՝ մանկական մեկնաբանությամբ:

Բայց այս երեխաներից յուրաքանչյուրը սպանված հայր կամ քուրդ չարագործների կողմից ինքնասպանության հասցված մայր ունի անցյալում:

Նահանգապետը խորապես ազդված էր:

«Որտե՞ղ է ձեր տունը», հարցրեց նա, ենթադրելով, որ նրանք եկել են քաղաքի մոտակա հատվածներից մեկից:

«Մենք Արտեմիդից ենք, պարոն», հնչեց հպարտ պատասխանը: Գյուղը գտնվում էր դեպի թուրքական սահման վեց մղոն հեռավորության վրա, լճի ափին:

Մեկ օր առաջ շատ ձյուն էր եկել, ու ցերեկվա ստվերներն արդեն երկարում էին: Նույնիսկ ուժեղ մարդն այդ գիշեր դժվարությամբ կհասներ Արտեմիդ:

Նահանգապետ Համբարձումյանցը երիտասարդ պարետին և ինձ խորհրդի հրավիրեց, որի արդյունքում որոշվեց տղաներին բանակային օրապահիկ տրամադրել՝ սև հաց, թեյ ու շաքար և սենյակ՝ քաղաքային զորքերի շտաբում: Տղաները, սակայն, պնդում էին, որ տուն չեն վերադառնա՝ մինչև իրենց հրացաններ չտան:

«Ամերիկյան նպաստամատույց» հանձնախմբի գործը ոչ միայն նյութական կարիքների ապահովումն է, այլև բարոյական: Առավոտյան իմ գլխավոր ատաղձագործներից մեկը գործի անցավ՝ մեր գտած ամենալավ տախտակից մի շեղբ սկսեց կտրել՝ Սալադինի թրի բոլոր կորություններով:

artemis 3

Վանի պարետը՝ հայ բանաստեղծներից մեկի որդին, փայտե սուր է հանձնում
Արտեմիդից եկած խմբի ղեկավարին:

Տղաների խումբն այդ ընթացքում ուսումնասիրում էր «Ամերիկյան նպաստամատույց»-ի հիմնած արդյունաբերությունները: Նրանցից յուրաքանչյուրը մի զույգ հաստ բրդյա գուլպա ստացավ:

Հետո տղաները հավաքվեցին ու զգաստ շարվեցին մեր շինության հարթ կավե տանիքին:

Այնտեղ երիտասարդ պարետը՝ հայ հայտնի բանաստեղծներից մեկի որդին, 12-ամյա զորավարին հանձնեց թուրը, որի փայտանյութը չէր կարող թաքցնել գծերը, որ ժպիտով, բայց արցունքներն աչքերին արել էր վարպետ ատաղձագործը՝ ամբողջ սրտով տրվելով սիրո այս պարզ ընծայմանը:

«Այս անգամ մենք ձեր առաջնորդին միայն թուր կարող ենք տալ», ասաց նահանգապետը, ով թողել էր կարևոր հանդիպումը՝ այս երեխաներին հրաժեշտ տալու համար: «Բայց ուզում եմ, որ շարունակեք կարգապահ լինել ու մարզվել, որովհետև կարող է ժամանակ գալ, երբ ձեր օգնության կարիքն ունենանք: Խումբդ միշտ զգո՛ն պահիր, զորավա՛ր, հայրենիքը կարող է կանչել քեզ»:

«Մենք պատրաստ կլինենք, պարոն», ասաց նոր թրի հպարտ տերը: Հետո շրջվեց դեպի իր խայտաբղետ խումբը: «Զենքն աջ ուսի՛ն: Աջ դա՛րձ: Քայլով՝ մարշ»:

Եվ Արտեմիդի կամավորների ջոկատը հպարտորեն ճամփա ընկավ դեպի իրենց գյուղ, որի միջով մեկ ամիս հետո անցան թուրքական հրոսակախմբերը՝ Վանի կոտորածի ճանապարհին:

Օրիգինալ փաստաթուղթը գտնվում է այստեղ: