Խավյերա Էրնանդես – Թուլության բռնապետությունը

Նախաբան

Տեքստի աուդիոտարբերակի տևողությունը 7 ր. է, այսինքն միջին ընթերցողը կարող է այն կարդալ տենց մի 5 ր.-ում: Այդ ընթացքում դուք հնարավոր է մի-երկու «թույն» ստատուս բաց թողնեք:

Տեքստի հեղինակն է Խավիեր Էրնանդեսը, հեղինակի մասին ոչ մի այլ տեղեկություն ցավոք չկա: Տեքստը առաջին անգամ հայտնվել է «на ножах со всем сущестующем» անարխիստական հավաքածուի մեջ (գիրքը տարածվել է самиздат-ի միջոցով):

Թարգմանել եմ ես, սրբագրել է Եվան: Թավ (բոլդ) տառատեսակով ընդգծված են այն մասերը, որոնց հասնելուն պես խորհուրդ կտամ կանգ առնել և տեղավորել տվյալ միտքը Հայաստանյան իրականության մեջ: Ընդգծումները իմն են:

Նաև պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր գաղափարներն են ընդունելի ինձ համար, սակայն մտքերի ընդհանուր ընթացքի ու տրամադրության հետ մեծամասամբ համաձայն եմ:

Թուլության բռնապետությունը – Խավյերա Էրնանդես

Այսօր ամենուր հանդիպում ենք թուլության դրսևորումների: Մենք կամ թույլ ենք, կամ այնպես ենք մեզ պահում, կարծես թույլ լինենք՝ վախից, որ մեզ ճիշտ չեն ընկալի:

Ինքնավստահ լինելը, ինքդ քեզ, ուրիշներին կամ որևէ այլ բան ճանաչելը այլևս ժամանակավրեպ է: Թվում է, թե այդ ամենն արդեն հնացած է, կամ էլ՝ պարզապես վատ ճաշակի արտահայտություն է: Մենք այլևս չենք ձգտում կատարել մեր գործերը լավ. նկատի ունեմ այն գործերը, որոնք ինքներս ենք ընտրել ու որոնք, մեր կարծիքով, պիտի անենք: Ցանկացած տրամաբանության հակառակ, մենք դրանք վատ ենք անում, մի կերպ, առանց մանրուքների վրա ուշադրություն դարձնելու: Չի կարելի ասել, թե հպարտանում ենք մեր թուլությամբ, բայց օգտագործում ենք այն որպես էկրան, որի հետևում կարելի է թաքնվել:

Այսպես մենք դարձել ենք այս նոր, արագ տարածվող տկարության առասպելի ստրուկները: Ու մենք բնավ չենք ուզում հիմա խոսել այն «ուժի» մասին, որը ոչ այլ ինչ էր, քան քողարկված տկարություն: Ավելի շուտ ուզում ենք լուսաբանել ներկա իրավիճակը: Գերիշխող պահն այս իրավիճակում արժեքների ջնջումն է, նաև այն գործիքների բթացումը, որոնք անհրաժեշտ են մեզ ապրելու և մեր հակառակորդների վրա հարձակվելու համար: Այսօրվա գլխավոր մոդելը հանձնվելու մոդելն է, պայքարից հարաժարումը, արգելակման մոդելը: Եւ դա, իհարկե, լիովին ձեռնտու է իշխանությանը: Մենք դադարել ենք մտածել, մենք մտածում ենք ոչ ադեկվատ, մենք ենթարկվում ենք հակամարտող տեղեկատվական հոսանքների: Մենք չենք գործում:

Մեր անհատականությունը՝ ապուշի և նամականիշեր հավաքողի միջև գտնվող մի բան է: Մենք քիչ ենք հասկանում, սակայն շատ գիտենք ՝ բազմաթիվ անօգուտ, անկապ բաներ: Մենք անեկդոտային գիտելիքների գրպանի հանրագիտարաններ ենք:

Չգիտես ինչու՝ մենք որոշել ենք, որ տգետ, հիմար ու տկար լինելու իրավունք ունեք:

Մենք արդյունավետությունը հանձնել ենք թշանամուն՝ պնդելով, որ արդյունավետության մոդելը իշխանական տրամաբանությանն է պատկանում: Լավ, մի ժամանակ դա ճիշտ էր: Խոսքը գնում էր տնտեսության քայքայման մասին և աբսենտիզմը, աշխատանքից հրաժարվելը, դասալքությունը ճիշտ որոշումներ էին: Բայց ստացվեց այնպես, որ դասակարգային թշնամին հաղթեց պատասխան խաղում:

Մենք հանձնվեցինք, չնայած խոսքը գնում էր այն բաների մասին, որոնք ինքներս էինք ընտրել մեզ համար:

Եվ ահա, մենք մեզ նվիրում ենք թիթեռներ բռնելուն և արևելյան փիլիսոփայությանը, այլընտրանքային խոհանոցին և մտածողության մոդուսներին, այնպիսի բաների, որոնք հստակության և ցասումի պակաս ունեն: Սպասելու փոխարեն, թե երբ պիտի ընկնեն մեր ատամները, մենք ինքներս ենք քաշում դրանք մեկը մյուսի հետևից: Ահա, մենք երջանիկ ենք ու անատամ:

Իշխանության փորձասենյակները մեզ համար հերթական կապիտուլյացիայի մոդել են նախագծում: Իհարկե՝ միայն մեզ համար: Իշխող փոքրամասնության, «ներառվածների» համար ակտուալ մոդելը չի փոխվել ՝ ագրեսիվություն և հարձակում:

Իսկ մենք այլևս դաժան ու անկառավարելի բարբարոսներ չենք, որոնք ի վիճակի են տարերային ընդվզումների և կազմակերպված ապստամբությունների: Մենք վերածվել ենք նիրվանայի փիլիսոփաների, գործողության իրավազորությունը կասկածի տակ առնող սկեպտիկների, դենդիների ու կոմնակի հայեցողների: Մենք նույնիսկ չնկատեցինք, թե ինչպես իշխանությունը ճզմեց մեր լեզուներն ու գանգերը: Մենք գրեթե  չենք կարողանում գրել, բայց չէ՞ որ դա անհրաժեշտ է հասկացված լինելու և ուրիշներին հասկանալու համար:

Մենք գրեթե չենք կարողանում խոսել: Մենք բարբառում ենք հեռուստատեսությամբ, սպորտով և գարշահոտ լրագրությամբ մեր վզին փաթաթած խղճուկ ժարգոնով: Մենք խոսում ենք գողական ժարգոնով, որն, իբրև թե, խթանում է հաղորդակցությունը, բայց իրականում ամորձատում է այն:

Բայց ավելի սարսափելի է այն, որ մենք այլևս ի վիճակի չենք ջանք գործադրելու: Մենք անկարող ենք «կատարման»: Ինչ որ բան դզմռտել, մի կերպ քիչ-ու-միչ կարդալ, վերջապես հանգստանալ … Հանդիպում՝ այստեղ, քննարկում՝ այնտեղ, զրույց դեսից դենից:… Ու մենք արդեն հոգնած ենք, ուժասպառ ենք,
մեկնված … Մյուս կողմից մենք կարող ենք ժամերով երաժշտություն լսել, երբեմն առանց հասկանալու, աղմուկ, որ շինարարության ձայներ է նմանակում … Ու նույնիսկ երբ մենք ինքնամոռացության ենք մատնվում բնության մտահայեցման մեջ, (որքա՜ն քիչ է այն մնացել), մենք արտագրոհ չենք անում, դա արվում է մեր փոխարեն: Կապիտալի կողմից որպես «այլընտրանք» վաճառվող բոլոր էկոլոգիական տափակությունները մենք ընդունում ենք հավատքով: Մենք ինքներս մեզ զրկում ենք բնության հետ իրական հարաբերություններից, որոնք պահանջում են ուժ և լարում, հաստատակամություն և պայքար, այլ ոչ միայն մտահայեցում:

Ու մի՛ հիշեցրեք ինձ կապիտալիստների ագրեսիվության մասին, որոնցից մենք պիտի տարբերվենք մեր հանդուրժողականությամբ: Ես հրաշալի գիտեմ, թե ինչ է նշանակում կապիտալի ագրեսիվությունը: Ես դրա մասին չեմ խոսում: Ըստ էության ես ագրեսիվության մասին ընդանհրապես չեմ խոսում: Ինչպես հայտնի է՝ խոսքերը խաբուսիկ են: Իրականում ես ուզում եմ ասել, որ անհրաժեշտ է մտածել և գործել, ոչ թե դատարկ ժամանակ սպանել այն պահին, երբ կրակը խժռում  է նավը:

Կամ մենք հասկանում ենք, որ կապիտալը գրավում է շրջապատում ամեն ինչ, կամ չենք հասկանում: Կապիտալը և իշխանությունը փոխակերպվում են, և այդ փոխակերպումը տակնուվրա կանի մեր կյանքերը: Եթե մենք չենք հասկանում դա, դե ինչ, մեզ մնում է թիթեռ բռնել մեր անուրջներում, ուսումնասիրել ձեն-բուդդիզմ, գոմեոպատիա, էսկապիստական գրականություն, սպորտ, կամ ինչ-որ այլ բան, մինչև օտարվենք ինքներս մեզնից, միաժամանակ նաև քերականությունից և լեզվից:

Բայց եթե մենք հասկանում ենք աշխարհում կատարվող փոփոխությունները, եթե գիտակցում ենք , ինչպես է զարգանում կապիտալի նախագիծը, ինչպես է այն նախատեսում մեզ վերջնականապես վերածել ստրուկների, եթե մենք ըմբռնում ենք ստրկության մշակույթը, որը զրկում է մեզ մեր շղթաները տեսնելու և ատելու
հնարավորությունից, ապա մենք այլևս չենք կարող հաշտվել դատարկ հանդուրժողականության և պայքարից հրաժարումի հետ: Ու պետք չէ մտածել, թե այս տողեր վերաբերում են միայն նրանց, ովքեր մոռացել են ընդվզումի մասին, ու խաղաղ որոճում են կանաչ, նարնջագույն և տարատեսակ այլ հոտերի արոտավայրերում: Մենք խոսում ենք նաև այն ընկերների մասին, ովքեր կարծում են, թե իրենք դեռ հեղափոխական են, իսկ իրականում վերապրում են օրեցօր զարգացող մտավոր աղտոտման դրաման:

Սա, սակայն, գործողության հասարակ կոչ չէ: Գերեզմանները լցված են այսպիսի կոչերով: Ո՛չ, մենք խոսում ենք կապիտալի փորձասենյակներում մանրամասնորեն մշակված ու արդեն գործի դրված նախագծի մասին: Այդ նախագիծն ուղղված է մեր պայքարելու ընդունակության աստիճանական ու անցավ ոչնչացմանը: Այդ նախագծի բացազատումը ձեռքձեռքի է գնում կապիտալի խորքային վերակազմավորման հետ:

Մենք այստեղ վոլյունտարիզմի կոչ չենք անում, ու ոչ էլ հուսահատ ձեռքեր կարկառում: Մենք կարծում ենք, որ այս տողերը համեստ ներդրում կլինեն մեր շուրջ կատարվող լուրջ փոփոխությունների գիտակցման գործում:

1996



4 thoughts on “Խավյերա Էրնանդես – Թուլության բռնապետությունը

    • Ապրիլ 24, 2013 at 5:28 pm
      Permalink

      Խնդրեմ 🙂

  • Ապրիլ 25, 2013 at 10:04 am
    Permalink

    իրոք ամեն ինչից մի քիչ մի քիչ ասածա, լավն էր շատ. «անցավ ոչնչացում» ..
    Շնորհակալությու՛ն:
    բայց ինչ ես կարծում, նա որ էս ամենը չէր տեսնում կամ գիտակցում, սենց բան կարդալով մի բան կփոխվի՞: Թե էլի դա կմնա նրանց, որ քիչ, թե շատ արդեն մաշկի վրա զգում են իրենց «շուրջ կատարվող լուրջ փոփոխություններ»-ը:

    • Ապրիլ 25, 2013 at 11:52 am
      Permalink

      չգիտեմ Լեռան ջան, ավելի շատ սթափեցմանն ա ուղղված էս տեքստը, իսկ ով չի զգում, կարողա ուղակի սկսի մտածել էտ ուղղությամբ, եսիմ

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել