Բոլորիս հայտնի է «գրանտակերություն» տերմինը։ Ու հայտնի է բացասական իմաստով, այն վիրավորական պիտակ է, որը կարելի է կպցնել ցանկացած հասարակական կազմակերպությանը կամ ակտիվիստին։ Իսկ եթե հարմար կպավ, ապա շարունակությունը պարզ է, մտքերի ընթացքը տրամաբանական է , հաջորդ պիտակը կպնում է ավտոմատ կերպով ՝ օտար ուժերի գործակալ, ազդեցության գործակալ։
Հիմա տեսեք, արդյո՞ք ամեն բան ինչով զբաղվում են ՀԿ-ները բացասական է, պետության դեմ է, կամ ազգին վնաս է։ Իմ պատասխանը ՝ իհարկե ո՛չ։
Արդյո՞ք բոլոր ՀԿ-ականների գործունեության շարժառիթները մերկանտիլ, շահամոլական նպատակներ են։ Իմ պատասխանը ՝ իհարկե ո՛չ։
Դուք կարող եք նաև այլ ձևով պատասխանել, ու եթե այդպես պատասխանեք, ապա կարող եք դադարեցնել ընթերցանությունը, շարունակության մեջ ձեզ համար ոչ մի հետաքրիր բան չի լինելու։
Բավականին շփված եմ տարբեր ՀԿ-ների ու հայտնի ՀԿ-ականների հետ։ Այդ շփումների արդյունքում ունեմ որոշակի մտքեր, որոնցով ուզում եմ կիսվել։
Ընտրողականություն և վերամեկնաբանում
ՀԿ-ական մտավոր դաշտում հնարավոր չի խնդիրներին վերաբերվել ընտրովի, այսինքն չես կարող հայտարարել, որ, ասենք, դու զբաղվում ես մարդու իրավունքերի պաշտպանությամբ, բայց միևնույն ժամանակ չես զբաղվում տոլերանտության քարոզչությամբ։ Հիմա կասեք, որ դրանք կոմպլեքս խնդիրներ են, յանմ մարդու իրավունքները կախված են հանրության տոլերանտությունից, ու չգիտեմ ինչու տոլերանտության միակ մեկնաբանությունից։ Որը ես բանաձևում եմ այսպես․ «Ինչ ուզում ես արա, դա ոչ մեկի դհոլին չի» ։ Սա ծայրահեղ ինդիվիդուալիզմ է, և հակասոցիալական է։
Խնդիրների ընտրողական, բայց ոչ կոմպլեքս ընտրությունը կարող էր հնարավորություն ստեղծել նաև չբերել Հայաստան այն խնդիրները , որոնք մեզ համար արդիական չեն, ու չլուծել այդ մտացածին խնդիրները։ Դրանց վրա չծախսել ռեսուրսներ ու ժամանակ։
Ինչու՞
Ինչու՞ մեր ՀԿ-ականները չեն կարող ընտրողաբար և վերամեկնաբանելով անել իրենց գործը։ Որովհետև սնվում են միջազգային ֆոնդերից, որոնք իրենց նպատակները ունեն։ Ու քեզ փող չեն տա, եթե քո կանոնադրության մեջ չկա գաղափարների որոշակի կոմպլեքս կազմված հետևյալ տերմիններից ՝ “մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, սեռական և կրոնական փոքրամասնություններ, կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ, պլյուրալիզմ ․․․”։
Լուծում
1․ Լուծման առաջին ձևը։ Գրանտ գրելիս, ակնկալել որևէ իրական արդյունք, որը կարող է երկարատև իրական օգուտ տալ, ասենք ստեղծել որևէ իրական պրոդուկտ ՝ գրադարան, համակարգչային ծրագիր, արտադրություն, ուսումնական կենտրոն, կայք և այլ նմանատիպ հաստատուն և վերարտադրվող երևույթ։ Բայց ոչ սեմինարների միանգամյա շարք նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը կամ մեկ այլ վերացական բան, որը չի կարելի շոշափել, այլ միայն տեսնել դոնորներին ներկայացվող հաշվետվությունների մեջ։ Էլ չեմ ասում միլիոնավոր օրինակներով տպված անիմաստ բուկլետների մասին։
2. Լուծման ինձ համար ամենաընդունելի ձևը․ հրաժարվել արտաքին ֆոնդերից, զբաղվել այնպիսի խնդիրներով, որոնք հանրությունը ինքը պատրաստ կլինի ֆինանսավորել։ Սա իրական հասարակական կազմակերպությունն է, այնպես ինչպես այն առաջացել է նույն արևմտյան երկրներում։ Ճանապարհը հետևյալն է՝
ա․ հանրությունը ունի խնդիր, որը հստակ ընդգծված է, հանրության որևէ խավը այդ խնդրի լուծումը դիտարկում է որպես սեփական շահ։
բ․ հանրության ամեն անդամ չի կարող զբաղվել այդ խնդրի լուծմամբ․ ամեն մեկը իր գործերն ունի
գ․ հանրությունը հանգանակության միջոցով ֆինանսավորում է այն մարդականց, ովքեր հանձն են առնում տվյալ խնդրի լուծման ճանապարհի որոնումը և իրականացումը։
Այսպիսով հասարակական կազմակերպության գործունեության պատվիրատուն դառնում է հանրությունը։ Ու հանրությունը չի ֆինանսավորում այն խնդիրների լուծումը, որոնք իր համար կենսական չի համարում։ Նաև չի ֆինանսավորում այն ՀԿ-ներին ու անհատներին, ովքեր լավ չեն անում իրենց գործը, կամ «ուտում» են հավաքված միջոցները։
Սա ամեն հանրության համար հնարավորություն է ստեղծում զարգանալ իր սեփական անկրկնելի ճանապարհով։ Այլ ոչ թե այնպիսի սխեմաներով, որոնք իմպորտ են արված այլ տեղից ու որոնց էֆեկտիվությունը կարելի կլինի գնահատել միայն պարադիգմի հաջորդ մեծ փոփոխությունից հետո։
Ու ընդանհրապես, եթե որևէ լավ բան ես ուզում անել, սկսիր անել, իսկ փողը կճարվի։
Դբա Լավը ։)
ըհը, մեծ մասամբ համամիտ եմ