բաժին Վանաձորցիներ

Գիշե~րս եկավ……

Գիշե~րս եկավ…….
Ու իմ սիրելին իջավ կոպերիս, սկսեց հիշեցնել`
ինչքա~ն բան գիտեմ.

Ես գիտեմ սպասել, հետո հայտնվել
խելագարի պես
Ու սկսել նորից գազանավարի
շնչել այս օդը,
Ես գիտեմ փակել բոլոր դռներս ու
երգով ապրել,
Հետո մեկ օրում ջարդել դռներս ու
ճամփա ընկնել նոտաներիս հետ,
Ես գիտեմ լինել հավերժ ջրի մեջ ու
ծարավ մնալ,
Ես գիտեմ լռել մեռելների պես, հետո
խոսքերով շենքեր կառուցել,
Ես գիտեմ թռչել ընկերներիս հետ
Ու ընկնել գիտեմ ընկերներիս պես,
Գիտեմ ես խաղալ երեխայի պես ու
ծերերի պես հառաչել տխուր:
Ես մեռած մեկն եմ, ով իր ոտքերով
հետքեր է թողնում սպիտակ ձյան վրա
Ու կենդանի եմ լոկ այն ժամանակ,
երբ ապրեցնում եմ:

Միայն ես մի բան հաստատ չգիտեմ.
Ես էլ չգիտեմ հետդարձի ճամփաս
Ու թքած ունեմ գիտցածիս վրա,
Թե քայլերը իմ հաշվել չգիտեմ,
Թե ես չեմ հիշում` քանի քայլ եկա,
Որ հենց այդքան քայլ նորից ետ գնամ:
Ես դա չգիտեմ……..
24.11.09