in Ինտերնետ, Հասարակություն 2.0, ՏՏ

Ի՞նչ է բլոգը

Ներածություն

Երկար ժամանակ ուզում էի գրել այս թեմայով: Կորպորատիվ և բիզնես բլոգինգի մասին ոչ մի խոսք չի լինելու: Միայն անձնական բլոգինգի մասին: Հոդվածը գրվում է այն պատճառով, որ վիրտուալում ու իրականում շրջում են որոշակի պատկերացումներ որոնց հետ ես համամիտ չեմ:

Նախապատմություն

Ի՞նչ է բլոգը:
Սկսեմ տերմինից: Ասում են , որ «բլոգ» բառը անգլերեն «weB LOG» արտահայտության հապավումն է: Ի՞նչ է դա: Սկզբում ծրագրավորողներն էին, նրանք ստեղծում ու զարգացնում էին ծրագրերը ու վեբում կամ այլ տեղ գրանցում էին արդյունքները, օրինակ այսպես՝

2010-հունվ 12: սկսվեց աշխատանքը x – պրոեկտի վրա
2010-հունվ 14 գրվել է առաջին մոդուլը …
2010-հունվ 16 հայտնաբերվել է սխալ առաջին մոդուլում
2010-հունվ 17 սխալը ուղվել է
….
2011- դեկտեմբեր 28 պրոեկտը հրապարակված է …

Հետո հայտնվեց ինտերնետը:
Հետո սկսեցին պահպանել նաև իրենց չաթերի խոսակցությունները, հետաքրքիր հղումները, կիսատ պռատ կամ ավարտուն մտքերը … Ու ամենակարևորը դրանով կիսվում էին  իրենց ընկերների հետ:
Այսպես ծնվեց բլոգը:

Բոլոր մնացած անառակությունները ռեյթինգները, տռենդները, սոցիալ մեդիան, բլոգերի առաջխաղացումը, և այլն առաջացան շատ ավելի ուշ, ու բլոգինգի իրական էության հետ քիչ կապ ունեն: Սակայն կարող են նաև օգտակար լինել:

Բլոգինգի սահմանումը

Մի քիչ հեռվից գամ, մարդը իր առաջին բլոգ-փոստը գրել է քարերի ու ժայռերի վրա: Ավելի ուշ մարդիկ պահել են օրագրեր, ու այնտեղ են գրառումներ իրականացրել: Ինչու՞ են գրել, ճիշտն ասած ինձ համար մինչև վերջ պարզ չի, բայց մտքերը ու հիշողությունները մի տեղ պահելու ու աչքի տակ միշտ ունենալու խորքային պահանջը մինչև հիմա առկա է մարդկանց մոտ:

Ի՞նչ է բլոգը: Ահա հինգ տարբերակ.
1. Բլոգը օրագիր է, շատ տրիվիալ միտք:
Մի փոքր բացատրության կարիք ունի սակայն: Մարդ, որը ունի օրագիր, որում գրում է իր մտքերը ու հիշողությունները, հաստատ մտածում է, որ մի օր այդ օրագիրը կկարդացվի ուրիշների կողմից: Ու գրում է հենց այդ ձևով: Ու ոչ մի օրագիր բացարձակ անձնական չէ: Ու հեչ վատ չի, եթե հենց հիմա կարդան քո օրագիրը նրանք ում դա հետաքրքիր է:
2. Բլոգը նոթատետր է
Օրագրի ու նոթատետրի միջև նմանությունը, պարզ երևում է մեծերի օրագրերը ընթերցելիս, որտեղ իրադարձությունների , տպավորությունների կողքին հանդիպում են, հիշողություններ, երազներ, իրագործվելիք գործողությունների ծրագրեր, գրքերի կոնսպեկտներ նույնիսկ գնացուցակներ …
3. Բլոգը նամակների տոպրակ է ,
այո՛, այո՛, նամակների, բաց նամակների, որոնք ուղված են հասարակությանը:
4. Բլոգը նոր գիտելիքը, վերբերմունքը կամ ինֆորմաիցան տարածելու միջոց է,  կիսվելու միջոց է
5. Բլոգը բեմ է ,
որտեղ դու խաղում ես այն դերը, որը ինքդ ես ընտրել

Ու այո, բլոգը մարդու անձնական ու հասարակական կյանքերի հատման տեղն է, որտեղ անձնականը ու համայնայինը ապրում են համատեղ: Որտեղ դու բացվում ես բոլորի համար այնքանով որքանով որ ուզում ես, չբացվել չի լինի, եթե չբացվես դա արդեն բլոգ չի: Ու եթե բլոգը քաղաքական է, կամ տեխնիկական, կամ ֆոտո կամ այլ ցանկացած թեմայով, կամ նույնիսկ անթեմա ու բլոգում չկա անձնական վերաբերմունք  դա բլոգ չէ, այլ վեբ-կայք է, ստեղծված բլոգ պլատֆորմի վրա:

Բլոգինգի հակառակ կողմը

Տռենդ-մռենդ, սոցիալ մեդիա, SEO, առաջխաղացում և այլ կենդանիներ …
Վերը նշված  և վերջերս շատ շոշափվող երևույթները կազմում են բլոգինգի հակառակ կողմը: Եթե մի պահ իջնենք վիրտուալ երկնքից, ու ավելի սթափ նայենք, ապա ճշմարտությունը հետևյալն է, ոչ մի բլոգեր չի տխրի եթե շատ կարդացող ունենա: Ոչ մեկը չի հրաժարվի ասենք մի 2000 այցից: Բայց չի կարելի դրա համար ամեն ինչի գնալ: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ինտերնետում քննարկվում է մի թեժ թեմա, շատ մարդիկ սկսում են գրել այդ թեմայով իրենց բլոգերում: Ես իհարկե դատավոր չէմ նրանց գլխին, բայց մտածում եմ, որ շատերը այդ թեմաներով սկսում են գրել այցերը ավելացնելու նպատակով: Այս երևույթը անվանում եմ տռնենդացավ:
Այս բլոգի պատմությունից մի բան պատմեմ: Երբ սկսվեց շարժումը օտարալեզների դեմ ու ի պաշտպանություն հայոց լեզվի, ու բոլոր լրատվամիջոցները ողողվեցին այդ թեմաներով հայտնի մարդկանց հետ հարցազրույցներով, ինչպես նաև բլոգերում շատերը գրեցին իրենց կարծիքը, ես մտածեցի, որ արժե այդ բոլոր մարդկանց մտքերը հավաքել մի տեղ: Ու այդ մարդկանց խոսքերից մեջբերումները հավաքեցի «Նորօրյա ասույթներ հայոց լեզվի մասին» փոստերի շարքում: Ու գիտեք, ամենահետաքրիրը այն է, որ այդ հոդվածները մինչև հիմա ամենակարդացվող հոդվածներն են: Ու ես ուրախ եմ դրա համար: Բայց դա տռենդացավ չէր, ինձ ուղակի շատ հետաքրքրում էր թեման:
Մի այլ դեպք, մի անգամ հանդիպեց մի խոխմա բան, որը փոստեցի, ու վիճակագրությունը թռավ, ես չէի պատկերացնում, որ այդ թեման այդքան շատ է որոնվում, ու դա նոր ինֆորմացի էր ինձ համար, ակամա դարձավ մտածելու առիթ:
Мораль՝ “գրի ինչի մասին մտածում ես, իսկ հաջողությունը ինքը քեզ կգտնի”:
Մի բան էլ կա անհանգստացնող, մարդիկ մտածում են, որ գոյություն ունի ինչ որ մի բլոգերների քրմական կաստա: Բայց այդպիսի բան չկա, դա խաբեություն է, մարդ կա ում շատ են կարդում, մարդ կա ում քիչ, մարդ կա որը շուտ է սկսել գրել, մարդ կա , որը ուշ է սկսել, ու մարդիկ գրում են տարբեր թեմանեով: Ու բլոգ ունենալու համար պետք չի ինչ որ հատուկ ինիցիացիա անցնել: Ու բլոգերները ամպերում ապրող մարդկ չէն, այլ սովորական , իմ ու քո պես մարդիկ: Իսկ որոշ լրատվամիջոցներ ուռճացնում են այս հարցը: Մեկ էլ կտեսնես այսպիսի մի վերնագիր «հայտնի բլոգեր այսինչ այսինչյանը ….», ու մտածում եմ, վայ քու, տեսա՞ր, «հայտնի բլոգեր», տեսնես դա ու՞մ շունն է, ես այդպիսի բլոգեր չեմ ճանաչում, չնայած որ կարդում եմ մոտ 100 հայկական բլոգ, ու այդ ի՞նչ մի հայտնի բլոգեր է, որի բլոգի անունն իսկ չէմ լսել: Ու ճիշտ հասկացեք, դա նախանձի հարց չի, այլ ճշմարտության, որ ես չեմ ճանաչում, իմ գիք ընկերներից ոչ մեկը չի լսել , էլ որտե՞ղ մնաց «հայտնի բլոգերը»: Իսկ մյուս կողմից կան իրոք հայտնի բլոգերներ, որոնց անունները լրատվամիջոցներում ոչ ոք չի տալիս, բայց մտնում ես այդ մարդկանց բլոգը ու տեսնում ես մի քանի տասնյակ մեկնաբանություն ու բազմաթիվ լայքեր ու թվիթներ հոդվածների տակ …
Ու իրականությունը այսպիսին է:
Եթե դու գնել ես թավջութակ, ապա դու ուղղակի ունես թավջութակ, իսկ եթե դու բլոգ ես բացել ապա դու արդեն բլոգեր ես: Ու սա առանց սառկազմի եմ ասում:

Մի հատ էլ անվճար գաղափար :), եթե կա մարդ, ով հավես կանի քյառթու բլոգ պահել, որտեղ կլինեն բազարների ու «ծտեր» կպցնելու լոգերը, ես մեծ հետաքրքրությամբ կկարդամ, համոզված եմ, որ այն կդառնա ամենատռենդային բլոգը, ու շատ այցելություններ կունենա, մենք էլ ավելի շատ բան կիմանանք քյառթու կյանքի մասին 🙂

Արդյո՞ք քեզ պետք է սեփական բլոգ ունենալ

Եթե դու մտածում ես , որ ունես արժեքավոր մտքեր, ուրեմն պիտի բլոգ ունենաս
Եթե դու մարդկանց ասելու բան ունես, պիտի բլոգ ունենաս
Եթե դու պայքարում ես ինչ որ մի բանի համար, պիտի բլոգ ունենաս
Եթե դու իրականացնում ես հետազոտություն, պիտի բլոգ ունենաս
Եթե դու լուսանկարում ես,պիտի բլոգ ունենաս
Եթե դու բանաստեղծ ես , պիտի բլոգ ունենաս
Եթե դու ճանապարհորդ ես , պիտի բլոգ ունենաս
Եթե դու ունես հետաքրքրություններ , պիտի բլոգ ունենաս
Եթե դու  … (գրիր ինչ ուզում ես) , պիտի բլոգ ունենաս

Անձնական բլոգները, որպես ինտերնետի հոգևորացման միջոց

Անձնական բլոգերը մարդկանց կարող են ավելի մարդկային ու հոգևոր դարձնել, ու ոչ միայն կարող են, այլ արդեն դարձնում են: Ամենահավես բաներից մեկը դա այն է , որ դու կարող ես մարդուն անձամբ չճանաչել, բայց շատ սիրել, ու քեզ չի խանգարի ֆիզիկական և ոչ մի բան, ու ոչ մի շահերի բախում, ու դու կարդում ես քո սիրելի մարդկանց գրածները իրենց բլոգերում, ու սիրում ես նրանց մտքերը ու նրանց կյանքը ու անձը, որը արտահայտվում է հենց գրառված մտքերի միջոցով: Անահիտը մի անգամ գրել էր

նայում եմ reader-իս «սիրում եմ» բաժնի ցուցակին ու չեմ կողմնորոշվում՝ հեղինակներին եմ սիրում, թե իրանց գրառումները։

Իրականում բլոգն ու բլոգերը անբաժանելի են:

Ի՞նչ է տվել ինձ իմ բլոգը

ա.Ես սիրում եմ խոսել, նենց չի որ զավզալակ եմ, բայց ժամանակ առ ժամանակ էնքան եմ խոսում , որ շան հաչոցը կտրում եմ: Բլոգում կարող եմ խոսել ավելի շատ մարդկանց հետ:
բ.Ես սիրում եմ կիսվել: Եթե մի նոր ու հետաքրքիր բան եմ իմանում, կամ նոր մտքեր են լինում այս կամ այն երևույթի վերաբերյալ սիրում եմ պատմել դրա մասին, ու այնպես է ստացվում որ պատմելուց հետո հասկանում եմ ավելի շատ քան պատմելուց առաջ: Բլոգում ես կիսվում եմ նույնիսկ այն մարդկանց հետ , ովքեր շատ հեռու են:
գ.Ես, ինչպես և բոլոր մարդիկ ստեղծում եմ ինչ որ բաներ, լուսանկարում եմ, կամ բանստեղծում, կամ ծրագիր գրում,կամ ինչ որ ոլորտ հետազոտում  ու արդյունքերը հանձնում եմ բոլորի դատին: Ստանում քննադատություն կամ գովասանք ու առաջ գնում:
դ.Բլոգի ստեղծման օրվանից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում իմ հայերենի հարցը ահագին առաջ է գնացել, ես դա լավ գիտեմ, ու պատճառը հենց հայերեն գրելն է, ու գրելով մտածելը: Հաշվի առնելով որ ես երկար ժամանակ մտածում էի ռուսերեն, բայց խոսում հայերեն:
ե.Բլոգը ինձ տվել է նաև նոր վիրտուալ և իրական ընկերներ
զ.Բլոգ ինձ տալիս է հնարավորություն վերհիշելու այն ինչ մտածել եմ մի քանի ամիս կամ տարի առաջ: Մարդը փոփոխական էակ է, իսկ հիշողությունը ստեղծագործական տարր ունի: Բլոգում կարելի է վերադառնալ սեփական անցյալին:

Comments are closed.