Անցյալ տարվանից դեռ մտածում էի էս նախագծի մասին։ Հիմա տարի եմ փակում, ավարտում եմ կիսատ գործերս ու մտածում եմ թե ինչ եմ արել այս տարի ու ինչ չեմ հասցրել/կարողացել անել․ այս նախագիծը մտքիս է գալիս։ Երևի իսկական ժամանակն է սկսելու։
Ինչու՞ է անունը «ՀոգեՀանգույցաբանություն»։ Որովհետև մի կողմից նվիրված է լինելու հանգույցներ կապելու արվեստին, իսկ մյուս կողմից հանգույցների վերաբերյալ իմ հոգեբանա֊փիլիսոփայական մեկնաբանություններն եմ գրելու։ Եթե կուզեք համարեք սա ճանաչողական արթ֊պրոեկտ։ Սա մեդիտացիոն, տեքստա֊պատկերային էքսպերիմենտ է։
Այն հետաքրքիր կլինի և հանգույցները իրենց մասնագիտական կյանքում լայնորեն օգտագործողներին ՝ ալպինիստներին, փրկարարներին, արշավականներին և փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ հետաքրքրվող մարդկանց։
Հանգույցները մարդկային հարաբերությունների արտացոլանքն են, մարդու և տիեզերքի, մարդու և աշխարհի կապերի արտացոլանքը։ Հանգույցների մեջ ես տեսնում եմ մետաինֆորմացիա, այն մասին, թե ինչպես կարող են հարաբերվել մարդիկ, ինչպիսի առողջ և անառողջ հարաբերություններ կարող են ունենալ։ Ու ո՞րն է ի վերջո իրական ազատությունը։ Միայնակ պարան լինե՞լը , թե՞ ճիշտ կապերով կապված լինելը։