in Կրթական, Կրթություն 2.0, Մանկավարժի Նոթեր

Նախաբան

Գիտելիքի ձևավորման -, ուսուցման ու կրթության հարցերի մասին մի քանի կարճ միտք։ Որոնց մասին ես մտածում եմ ու խոսում ընկերներիս հետ, սակայն դրանք տեքստային տեսքով ձևակերպելու պահանջ ունեմ։ Նաև հույս ունեմ, որ կծավալվի քննարկում (իրականում ես կարոտել եմ  բլոգումս նորմալ քննարկումներին, ու տենչում եմ դրանք ։)  ), անպայման ուզում եմ այլ կարծիքներ, հարցեր և լրացումներ լսել։ Դրանք ինձ անհրաժեշտ են մտածողական պրոցեսներս խթանելու համար։ Նենց որ, մեկնաբանություն գրողը միանգամից աչքիս լույսը կդառնա ։)

Մի քիչ քննադատություն

Առաջին մոտեցումը, ըստ որի կրթության նպատակն է իբր գիտելիք տալը, միանգամից մերժում եմ՝ առանց երկար-բարակ խորանալու։  Ինչպես շատ  ճիշտ նշում է Ռ․ Շտայները, մեր դասագրքերը կարծես գրված լինեն մասնագետների համար։ Գրեթե 100 տարի առաջ է ասել, բայց մինչև հիմա շատ բան չի փոխվել, մինչև հիմա էլ մեր դպրոցական դասագրքերը կարծես մասնագետների համար գրված լինեն։ Գրքերը լցված են կյանքի հետ անմիջական կապ չունեցող տեղեկություններով։ Երբ լուսավորչության ժամանակաշրջանում ձևավորվում էր ներկայիս կրթական համակարգը, գուցե իմաստ ուներ մարդկության ամբողջ հավաքած փորձը փոխանցել երիտասարդ սերնդին, հաշվի առնելով, որ այդ փորձն այդքան  էլ մեծ չէր ու գիտական գիտելիքներն այդքան շատ չէին։ Բայց հետո հավեսի ընկան ու կանգնելու պահը կորցրեցին, գիտելիքը շատացավ ու ամեն նոր սերնդի երիտասարդներին «զարգացնելու» համար դասագրքերում ավելանում էր ինֆորմացիան։ Չեմ ասում, որ մեթոդները չեն զարգացել, բայց ինֆորմացիայի անընդհատ աճն անհերքելի փաստ է։

Գնացին տեղեկությունների քանակական ավելացման ճանապարհով։

Այլ ճանապարհ

Բայց կա նաև այլ ճանապարհ, որը հատկապես արդիական է հիմա։ Միամիտ կլինի այն մարդը, ով կկարծի, որ կարելի է մարդկության բոլոր գիտելիքները խցկել աշակերտի գլուխը․ նույնիսկ  գիտելիքի փոքր մասը հնարավոր չէ։ Մեզ անհրաժեշտ է լրիվ նոր կրթական պարադիգմ, լրիվ այլ հիմքերի վրա դրված։

Մյուս մոտեցումը, ըստ որի կրթության նպատակն է աճեցնել նորմալ մարդ, որը հետո ինքնուրույն կկարողանա զարգանալ, ընտրել մասնագիտություն ու խորանալ այդ մասնագիտության մեջ, վերցնում եմ որպես հիմք։ Նորմալ մարդ ասելով ՝ հասկանում եմ ոչ թե ինչ որ մի մոդելով «աճեցված» մարդ, որը անհրաժեշտ է տվյալ սիստեմին, ռեժիմին, այլ մարդ, որը սեփական ուրույն առանձնահատկությունների հիման վրա  աճելու ու զարգանալու ունակություն ունի։

Մասնավոր հարցերին, թե հատկապես ինչ առարկաներ են անհրաժեշտ, ու ինչ ծավալով չեմ ուզում անդրադառնալ, դրանց մասին մի թեթև գրել եմ , գրառումը իհարկե կատարյալ չի ու այնտեղի մտքերը դեռ պետք է զարգացնել ու հղկել։ Ավելի կարևոր եմ համարում անդրադառնալ ներկայիս ամենամեծ մարտահրավերի հաղթահարմանը։ Սակայն սկզբում մի փոքր նախապատրաստություն կլինի։

Կոգնիտիվ  վակուում

Երբ ես դեռ երիտասարդ էի, ինֆորմացիան դժվար էր ճարվում, որևէ թեմայի մեջ խորանալու համար մի կերպ ճարում էինք ինչ-որ գրքեր, կարդում, խորանում ու միշտ ժամանակ ունեինք խորանալու այդ գրքերի բովանդակության մեջ։ Այստեղ կարևոր պահը այն էր, որ տեղեկությունների նոր բաժինների ստացման պարբերականությունը մեծ էր։ Տեղեկությունների բաժինների հայթայթման ժամանակահատվածների միջև միշտ ունենում էինք բավական ժամանակ այդ տեղեկությունների վրա մտածելու համար, այդ տեղեկությունների մասին խոսելու ու դրանք քննարկելու համար։ Այս պայմաններում տեղեկությունը հասցնում էր մարսվել ու դառնալ գիտելիք։ Նաև ազատ ժամանակի առկայությունը հնարավորություն էր տալիս թացը չորից տարբերել, ժամանակը թույլ էր տալիս կիրառել գիտելիքը, փորձը որոշ տեղեկությունների անիմաստությունը ու սխալությունը ցուցադրում էր ամբողջ հնարավոր պարզությամբ ու դաժանությամբ։ Արդյունքում գիտելիքի մի մասը դառնում էր հմտություն։ Հմտությունը ամենակարևոր բանն է, որ մնում է կրթությունից կամ ինքնակրթությունից հետո։

Մտքի աչքեր և մտքի ձեռքեր

Հմտությունների հարցը ուզում եմ մի փոքր ավելի բացել, առավել ևս, որ դա այս գրառման վերնագրի հետ անմիջական կապ ունի։ Կարծում եմ՝ կա գիտելիքին տիրապետելու երկու մակարդակ։ Մարդու միտքի զարգացման արդյունքում կարող է ձևավորել երկու տեսակի ճանաչողության «օրգան»։ Դրանք ես անվանում եմ «մտքի աչքեր» և «մտքի ձեռքեր»։  Գիտելիքին տիրապետելու առաջին մակարդակն այն է, երբ ձևավորվել են «մտքի աչքերը», երկրորդը ՝ երբ ձևավորվել են «մտքի ձեռքերը»։

Բացատրեմ օրինակի վրա։ Երեխան սովորում է մաթեմատիկա։ Դնում ես խնդիրը, նա չի կարողանում այն լուծել, չնայած լուծման համար բոլոր նախնական գիտելիքներին տիրապետում է։ Հետո գրում ես լուծումը, ու նա ասում է․ «վա՜յ հասկացա»։  Տվյալ երեխան արդեն ունի «մտքի աչքեր»։  Նա կարողանում է հետևել տվյալ առարկայական դաշտում մտքերի ընթացքին և հասկանում է, թե ինչպես է բխում մեկից մյուսը, նաև կարող է տրամաբանական կամ մաթեմատիկական գործողությունների մեջ առկա սխալը գտնել։ Բայց ինքնուրույն չի կարողանում լուծել, որովհետև «մտքի ձեռքերը» դեռ չեն ձևավորվել։

Մեկ այլ օրինակ։ Երիտասարդ ծրագրավորող է։ Գիտի ալգորիթմների և տվյալների կառուցվածքների մասին, գիտի որևէ ծրագրավորման լեզվի  ուղղագրությունը։ Նորից խնդիրը չի կարողանում լուծել։ Որոնում է կատարում – , ասենք, լուծումը գտնում է որևէ բլոգում  կամ stackoverflow -ում- , ու ի զարմանս իրեն տեսնում է, որ հասկանում է՝ ինչ է գրված, կարողանում է կարդալ կոդը, բայց ինքնուրույն չի կարողանում այն գրել։ Կրկին նույն իրավիճակն է, ունի աչքեր բայց չունի ձեռքեր։

Կոգնիտիվ  պրես

Ի՞նչ է կատարվում հիմա․ մենք ունենք ծով ինֆորմացիա, անհամար քանակությամբ տեղեկություններ համացանցում։ Ցանկացած հարց, որը ծագում է երեխաների մոտ, արագ որոնվում է և գտնվում (???)։ Արդյունքում աշխատում են միայն «մտքի աչքերը», այն էլ միայն այն դեպքում եթե դրանք նախկինում հասցրել են զարգանալ։ «Մտքի աչքերը» իրականում զարգանում են միայն առարկայական դաշտում երկար հարատևելու արդյունքում , իսկ եթե այդ փուլը կիսատ է կամ թերի ապա մտքի աչքերը կարճատես են։ Ձեռքերն ընդհանրապես չեն զարգանում , որովհետև միտքը ակտիվ մտածողական դիրքում չի եղել, հարց չի ունեցել, հարցի լուծման եղանակների վրա չի մտածել, եղանակներից լավագույնը չի գտել, լուծումը չի ստուգել ․․․ Սա էլ ներկայիս ամենամեծ մանկավարժական մարտահրավերն է։

Ի՞նչ անել

Սա ամենադժվար հարցն է, որի վերջնական պատասխանը  չեմ հանդգնի տալ, սակայն մի քանի միտք ունեմ։ Նշեմ միայն, որ կարծես թե ներքևում շարադրված որոշ մտքեր կարելի է իրականացնել նաև առանց ներկայիս կրթական համակարգը ջարդելու, այլ ուղղակի զուգահեռ , անկախ նրանից, թե մեր կրթական համակարգը կզարգանա բարեփոխական, թե հեղափոխական ճանապարհով։

1․ Նախ կազմակերպել բազմակողմանի, լայն, բայց ոչ ծանր հանրակրթություն, որը կապահովի զարգացման բազմակողմանիություն, լայն տեսադաշտ։ Ոչ ծանր՝ նկատի ունեմ ինֆորմացիայի քանակը թեթևացնելու միջոցով, դասագրքերը թեթևացնելու միջոցով։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև կարծես թե ուսուցչի՝ որպես գիտելիքներ կրողի և փոխանցողի ֆունկցիան իրեն սպառում է։ Ուսուցիչը ավելի շատ դառնում է մենթոր, վարպետ, ուղղություն ցույց տվող։ Սա առաջինը։

2․ Մտքի աչքերի ձևավորման համար անհրաժեշտ է սովորեցնել աշխատել սկզբնաղբյուրների հետ, որոնել տեղեկություններ (ոչ միայն ցանցից) , ֆիլտրել, համադրել, ստուգել, կասկածել, բանավիճել ․․․ Սրանք մտավոր հմտություններ են, որոնք, ինչքան ես գիտեմ, ոչ մի կրթական համակարգ նպատակադրված չի զարգացնում։

3․ Մտքի ձեռքերի ձևավորման համար անհրաժեշտ է, որ սովորողներն ունենան հնարավորինս շատ հետաքրքիր խնդիրներ, տարատեսակ ու բարդացող խնդիրների շարքեր, որոնք պիտի լուծեն հնարավորինս ինքնուրույն – , որովհետև զուգահեռ սովորում են նաև աշխատել սկզբնաղբյուրների և երկրորդական աղբյուրների հետ, կարող են ինքնուրույն գտնել խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկությունները։

4․ Մտքի ձեռքերի մասին ևս մի կարևոր բան։ Մտքի ձեռքերը կապված են խնդիրները լուծելու ժամանակ ստացած հաճույքի հետ։ Հաճույքը չի մոռացվում։ Ու հաճույքի առկայությունը նաև ամրապնդում է հիշողությունը, վստահությունն առ այն , որ երբ էլ հանդիպես նմանատիպ խնդիրների, հաջողությամբ կլուծես դրանք։ Ուզում եմ ասել, որ շեշտը պետք է դնել պրակտիկայի վրա, իրականում պրակտիկ գործունեությունը ավելի կարևոր է, քան տեսական չոր գիտելիքը։ Նույնիսկ (եթե կա հնարավորություն) , արժե հրաժարվել տեսական գիտելիքը դասախոսության միջոցով փոխանցելու մեթոդից ։

5․ Կոգնիտիվ պրեսը հաղթահարելու համար անհրաժեշտ է ստեղծել մեթոդոլոգիա, որի աշխատանքային անվանումը դրել եմ «Մտքի հիգիենա»։ Սրա սկզբունքների և պրակտիկ իրականացման մասին դեռ պետք է մտածել։ Երկու բառով սա մեդիադաշտի նկատմամբ որոշակի ակտիվ դիրքորոշում է, որը հնարավորություն է տալիս չճխլվել տեղեկատվական տարափի տակ, սովորել ֆիլտրել տեղեկությունները, հրաժարվել որոշակի տիպի տեղեկությունների սպառումից («հետաքրքրասիրության կառավարում»), դիմակայել մանիպուլյացիոն տեխնոլոգիաներին և տեխնոլոգիական մանիպուլյացիաներին, իմունիտետ ձեռք բերել մոդայի և գովազդի նկատմամբ, տեղեկությունների նկատմամբ ունենալ ակտիվ/ստեղծագործ բայց ոչ պասիվ/սպառող դիրքորոշում ․․․

6․ Սոկրատեսն ասում էր, որ ամենակարևոր գիտություններից մեկը երկրաչափությունն է, որովհետև դրա դասավանդումը հնարավորություն է ստեղծում մտնել բացարձակ վերացական մտածողության դաշտ։ Իմ հանդուգն կարծիքով հիմա վերացական մտածողության զարգացման լավագույն եղանակը ծրագրավորել սովորելն է։ Ու նույնիսկ դպրոցում արժե երեխաներին նորմալ ծրագրավորել սովորեցնել։ Ծրագրավորումը տրամաբանություն և մաթեմատիկա է, գումարած հետազոտական ու ստեղծագործական մեծ աշխատանք (դաշտը ուսումնասիրելը –  ալգորիթմ հորինելը)։ Այստեղ ոչ ստեղծագործական և ոչ էլ տրամաբանող-մաթեմատիկա-վերացական մտածողական ուժերը չեն ճնշվում։ Ու նաև այն ռեալ արտադրական պրակտիկա է։ Իհարկե խոսքը չի գնում դպրոցից սկսած ծրագրավորողներ պատրաստելու մասին, սակայն մեր դարում բոլորն էլ պիտի կարողանան գոնե մի փոքր ծրագրավորել։

Եթե ինձ տրված լիներ հնարավորություն, ես հանրահաշիվը, երկրաչափությունը ու ծրագրավորումը կդարձնեի մեկ առարկա։

7․ Ուզում եմ ցույց տալ նաև ծրագրավորման դասավանդման և կոգնիտիվ պրեսի հաղթահարման միջև եղած կապը։ Նախ, ներկայիս ինֆորմատիկայի դասավանդման մեթոդոլոգիան ուղղված է «օգտատերեր» պատրաստելուն, այսինքն սովորեցնում ենք ծրագրերում այս կամ այն կոճակին սեղմելով, ստանալ այս կամ այն արդյունքը, առանց նույնիսկ ընդանուր պատկերացում ունենալու, թե ինչպես դա կատարվեց։ Սա բերում է տեխնոլոգիաների միֆականացման։ Նոր տերմին ՝ «համակարգչի վկաներ», մարդիկ, ովքեր կախարդված են համակարգչային աշխարհում գոյություն ունեցող հարմարավետությամբ։ Նրանք չեն հասկանում ՝ ինչ կա «ստեղնի տակ», չեն հասկանում  նաև իրենց սպառնացող վտանգները, առավել ևս չգիտեն, որ կարելի է ինչ-որ բան նաև լավացնել ծրագրերում։ Երբ սկսում ես գոնե մի քիչ ծրագրավորել, սկսում ես հասկանալ՝ ինչ կա «ստեղնի տակ» ու միֆը միանգամից քանդվում է։

Օգտատերը սպառող է, սպառողական հասարակության տիպիկ ներկայացուցիչ։  Նույն ձևով սպառողը համացանցում  նույնպես սպառող է, նա միայն վերցնում է համացանցից։ Միայն թե ապրանքների փոխարեն սպառում է տեղեկություններ։ Իսկ նա, ով գոնե մի հոդված է գրել, կամ մի բան է խմբագրել Վիքիպեդիայիում, գիտի, թե ինչպես  է պետք վերաբերվել այդ տեղեկություններին, ինչ վստահելության աստիճան ունեն, ինչպես ստուգել և այլն։ Նույնը համակարգչային խաղերի ոլորտում, ավելի հետաքրիր և օգտակար է խաղ գրելը, քան խաղ խաղալը։

Նաև ծրագրավորումը պահանջում է կենտրոնացում և դիսցիպլինա, ու հետաքրքիր խնդրի առկայության դեպքում չի թողնի ժամերով ֆեյսբուքում անիմաստ լռվել։

Վերջաբան

Սա խառը-մառը մտքերի դասակարգման փորձ էր, չգիտեմ որքանով ստացվեց, այստեղ վերջակետի փոխարեն պիտի դնեմ բազմակետ ու սպասեմ ձեր մտքերին ․․․

 

ՀԳ։ Շատ կարևոր է նաև հաշվի առնել զարգացման տարիքային հոգեբանությունը, այս գրածներիս կիրառությունը կարծում եմ պիտի գնալով խտանա ու ավագ դպրոցում ստանա իր առավելագույն խտությունը։

Դբա Լավը 😉

19 Comments

  1. Ասածներդ չհերքելով ուղղակի ավելացնեմ, որ մի ուրիշ բան էլ ա կատարվում: Շատ ինֆորմացիայի հետ անընդհատ են ստեղծվում մարդկանց մոտ ու ձեռքեր ստեղծվում եմ միայն ինչ բնագավառում որ իրանք կան կամ խորանում են: Այսինքն ինչը պետք ա մնում ա, ինչը չէ՝ արխիվացվում ա: Էստեղ ուղղակի մի ուրիշ բան կա: Մի հմտություն, որ կարա թվա երկրորդային էդպես էլ չզարգանա, բայց առաջ ինֆորմացիայի քիչ լինելու դեպքում դա զարգանար ու օգներ առաջնային համարվող ինֆորմացիային: Օրինակը Ջոբսի գեղագրությունը, որ թվում ա պետք չէր գա կյանքում, բայց էփլի համար պետք եկավ:
    Մեկ էլ մի հետաքրքիր բան, որ երեկ տեսա: Կատուների համար կերաման էր՝ արհեստական խոչընդոտներով, որից բան ուտելու համար կատուն պետք ա հնարքներ բանեցներ, կարճ ասած պետք ա ձեռք բերեր, վաստակեր իր կերը: Ու էդ դեպքում կատվի բնության մեջ ապրելու ժամանակ եղած խելքը չի հետ զարգացվում բաց ամանով կեր ստանալու հետ: Մնում ա միշտ հայթայթող: Նման բամ պետք ա անել երեխեքի ստացած ինֆորմացիան կյանքում կիրառելու համար (ուտելիքի պահով չէ:) ):
    Չգիտեմ ինչքանով պարզ ձևակերպեցի մտքերս 😉

  2. ես նույն թեմայով, Ֆիննական կրթական համակարգի մասին:
    http://www.youtube.com/watch?v=XCCQwV7Rkqc

    Կոնկրետ ես ԳՏՏԿ-ում դասավանդլեիս, ահագին բան եմ փորձել, բայց քանի որ ուսանողները այլ կերպ չէին պատկերացնում դասավանդման պրոցեսը, քան անգիր անելը, մեծ հակադրության էր արաջանում:
    Ասնեք թեսթի գաղափարը առհասարակ հանել եմ, ստուգարքը դա կոնկրետ աշխատանք կատարելն էր, որի ընթացքում կարելի էր օգտվել համացանցից: Տնային տալիս էի, բայց չէի ստուգում, սովորացնում էի սովորել, ոչ թե սովորացնում էի ոնց անել տվյալ բանը: Կարող ա երեխեքի հետ դա ավելի հեշտ ստացվի, քանի որ նրանք դեռ կաղապարված չեն, բայց դպորց ավարտած ջահելները ուղակի հակարվում էին, քանի որ դա խորթ էր. շատ ավելի պատասխանատու ու շատ ավելի ինքնուրույնություն պահանջող, քան թե մի քանի բան անգիր անել-պատմելը.. առանց հասկանալու:
    եսիմ… տենց..

    • ինքնուրույնության ու պատասխանատվության հարցը ստեղ առանցքային է, համաձայն եմ։

  3. Շատ կարևոր թեմա է, շատ: դեբատ պետք ա, ափսոս ինքս դասավանդելու փորձ չունեմ, որ կիսվեմ: բայց գիտեմ մարդիկ, որ մի լավ կբզկտեին գրածներդ :D, լավ իմաստով իհարկե :Ճ ուղղակի չգիտեմ ոնց էս նյութը իրենց հասցնեմ:
    Ծրագրավորման պահն եմ ուզում առանձնացնել: Ծրագրավորման արատն իմ անտեղյակ կարծիքով, կարծում եմ էնա, որ քո միակ գործիքը ստեղներն են: համենայն դեպս ես էդպես եմ պատկերացնում: իսկ դա էդքան էլ լավ բան չի: հիշում ե՞ս երկրաչափության դասերին կարկինն ու քանոնը վերցրած բաներ էինք գծմծում, կամ խնդրի լուծումն էինք երկար բարակ շարադրում, ընդ որում՝ ձեռագիր: լուրջ էդ ամենից առաջարկում ես հրաժարվե՞լ: ես կողմ չեմ դրան: գուցե ավելի ուշ տարիքում, երբ որ էրեխեքը արդեն անցած կլինեն տարածականություն պատկերելու կամ ձեռագիր շարադրանքի էտապները, կարաս դնես կոմպի առաջ ու ասես, «դեհ, իսկ մնացածը ստեղնաշարով կմտածես»:
    Ստեղ օրինակ կարամ փորձս բերեմ. Շիրակացու ճեմարանում մենք յոթերորդ դասարանից վիզուալ բեյսիկ էինք անցնում, ու տարբեր աստիճանի բարդության ծրագրեր էինք նախագծում: Կարող եմ վստահ ասել, որ էդ հմտությունները իմ տեխնիկական մտածողության վրա անհերքելի ազդեցություն են թողել՝ ամենադրական ու բավականին կիրառական իմաստով:
    Հա, մեկ էլ մի բան, էդ լավ ես ասում, պետք ա հետաքրքիր ու անհատական խնդիրներ լինեն էրեխեքի համար, լրիվ կողմ եմ: բայց դա տիտանական գործա ուսուցչի համար, խնդիր մտածելը.. դա մի հմտությունա, որ նախևառաջ ուսուցիչները պետք ա ձեռք բերեն: Ու առհասարակ, քո առաջարկած մոդելները աշխատացնելու համար կարծում եմ դասավանդողների հեղափոխությունը ամենաակտուալ հարցնա դառնալու:

    Հ.գ. ֆիննական նյութը զարմանալի էր:

  4. Լեռանե ջան

    | լուրջ էդ ամենից առաջարկում ես հրաժարվե՞լ

    ոչ մի դեպքում, ես տենց բան չեմ ասել ։), ասում եմ ուղակի միացնել իրար երկրաչափությունը, հանրահաշիվը ու ծրագրավորումը, այս իմաստով ծրագրավորումը դրա տրամաբանական շարունակությունը կարա լինի, այսինքն գծեցիր, հաշվեցիր, դե հիմա դա ծրագրավորի համակարգչի վրա։ Բայց մի առարկայի շրջանակներում, կամ էլ ուժեղ միջառարկայական կապ լինի, օրինակ անցնում են պյութագորասի թեորեմը երկրաչափությունից, իսկ երբ գնում են ինֆորմատիկայի պիտի ծրագիր գրեն, որը կնկարի ասենք 100 հատ տարբեր ուղղանկյուն եռանակյուններ ․․․ հետո իմ ասածը էն չի, որ պետք ա ինչ որ բանից հրաժարվել, միակ բանը որից ես առաջարկում եմ հրաժարվել անիմաստ ծավալային ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունից, ու դա փոխարինել ավելի պրակտիկ բաներով։

    | դա մի հմտությունա, որ նախևառաջ ուսուցիչները պետք ա ձեռք

    այն ուսուցիչը ով ամեն օր ինքը մի նոր բան չի սովորում, իրավունք չունի մտնել դասարան

  5. Իսկ ավելի լավ չի՞ լինի, որ փայտ, մուրճ ու մեխ տան ու սովորացնեն էդ եռանկյունը պատրաստել իրական ժամանակի ու տարածության մեջ, այլ ոչ թե վիրտուալ ..

    ի դեպ, էս նախաձեռնության մասին գիտե՞ս.
    http://168.am/2013/11/24/302594.html

    • Թող տան մեխ ու մուրճ, մեկը մյուսին չի խանգարում, բայց մեխ ու մուրճը վերացական մտածողությունը այդքան չի զարգացնում որքան մաթեմատիկան և ծրագրավորումը։ Մեխ ու մուրճով ձեռքն ա զարգանում, ձեռք-ուղեղ կապը, բայց դա չի օգնի ինֆորմացիոն տեղատարափի մեջ թացն ու չորը տարբերելու համար անհրաժեշտ մտավոր «օրգաններ» ձևավորելուն։
      Իմ կարծիքով պրակտիկ մտածողությունը նույնքան կարևոր է , որքան վերացական մտածողությունը ու մարդը պիտի կարողանա հանգիստ լողալ այս երկու մտածողական «ռեժիմների» մեջ։
      Մեր հիմիկվա կրթության մեջ ամբողջ շեշտը դրված է հիշողության վրա, այսինքն ինչքան շատ բան ես կարողանում հիշել այդքան լավ ես սովորում, ու այդքան գրագետ ես։

      Նախաձեռնության մասին գիտեմ, լավ բան են անում

      • Օրինակ դու հայոց պատմության կամ հայոց լեզվի տեստերը տեսե՞լ ես, եթե մեկը հատուկ ուզենար մարդկանց մեջ ատելություն սերմանել սեփական լեզվի ու պատմության նկատմամբ, հենց այդպիսի տեստեր պիտի ստեղծեր։ Չգիտեմ մարդկային հիմարությանը վերագրեմ դա, թե «մութ ուժերին»։

        • «Մութ ուժերի» ծրագրերը մարդկանց հիմարության միջոցով իրագործելուն վերագրի 🙂
          Չեմ տեսել, բայց պատկերացնում եմ։ ախր պատմության տե՞ստս որնա այ մարդ, լավա լողի տեստ չեն դնում, ու նկարչության, դա էլ ու վերջ:
          տեստի գաղափարը ինքն իրենով հիմարությունա , երբ են վերջապես մարդիկ դա ընդունելու..

          • | «Մութ ուժերի» ծրագրերը մարդկանց հիմարության միջոցով իրագործելուն վերագրի 🙂

            լավն էր ։Դ

          • ինչ-որ տեղ կարդացել եմ, որ մասնավորապես multiple choice -ը ստեղծել են մտավոր հետամնացների համար…

          • ։), մտավոր հետամնացը չգիտեմ, բայց ոնցոր ստեղծել են օֆիսային բնակիչներին ֆիլտրելու համար, որպիսի որոշեն ով կարա օրը 8 ժամ խելոք աշխատի ։D

          • |օֆիսային բնակիչներին ֆիլտրելու համար, որպիսի որոշեն ով կարա օրը 8 ժամ խելոք աշխատի|

            ասեցիր, չխնայեցիր էլի :ՃՃ

      • ես մի՜ պստիկ առավելություն եմ տալիս իրական կյանքում կիրառելի հմտություններին վերացականի հետ համեմատության մեջ: ես հասկանում եմ, որ դու նայում ես ինֆորմացիան ընդունելու, գտնելու, վերլուծելու, դիմադրելու ու ի վերջո ինֆորմացիա գեներացնելու տեսանկյունից: բայց իմ համար ավելի կարևորա իրական հմտությունները՝ արհեստագործական, ստեղծագործական: իմ համար էլ մեր կրթական համակարգի ամենամեծ արատը նայա, որ երեխան որպես ստեղծագործ, արարող, ու մշակութային անհատ չի դուրս գալիս դպրոցից:
        կարողա դարը փոխվելա, ես հետ եմ մնացել :Ճ բայց կարծեմ դու խոսում ես ընդհանուր գիտելիքի, կրթության և դրա կիրառման մասին:

        • Լեռանե ջան, ես չեմ առաջարկում դպրոցում միայն ՏՏ կրթություն տալ։ Եթե ուշադրություն ես դարձրել ես արհեստների լինել կամ չլինելու վերաբերյալ բան չեմ ասել, ոչ էլ ձեռքի աշխատանքի։

          Ընդամենը ասել եմ, որ ինֆորմացիա տալու փոխարեն, պետք է ինֆորմացիան ինքնուրույն հայթհայթելու մշակելու հմտություններ տալ։

          Բայց ճիշտ ՏՏ կրթությունը մեր ժամանակներում առաջնային է։ Դու հիմիկվա դպրոցական երեխաներին հետ չես շփվում (դասարանում) , նկատի ունեմ, իրենց համար հիմա Մակեդոնացու գոմիկ կամ չգոմիկ լինելը ավելի կարևոր է, քան նրա բազմաթիվ մեծ արժանիքները։ Իսկ պատճառը մեդիադաշնտ է, Մակեդոնացու հարցում ամերիկայն հիմար ֆիլմերը, նաև ինտերնետը,որոնք երեխաների համար հեշտ հասանելի են։ Նրանք լողում են տեղեկությունների մի այպիսի ծովում, որը նույնիսկ մեր, մեծահասակներիս համար է չափազանց։ Եթե մենք նրանց չտանք նորմալ «մտքի հիգիենա», վերլուծականություն, նույնիսկ կասկածամտություն , ոչ մի ձեռքի աշխատանքը չի փրկի։ Նրանք կլինեն հեշտ կառավարելի բութ մասսա, տարբեր ոլորտներում կցկտուր ու հաճախ սխալ գիտելիքներ ունեցող, ուրիշի կարծիքները սեփական անկախ մտածողություն հետ խառնող։ Տենց բոհեմական «արվեստագետներ», բոհեմական «մտածողներ»։

          Հետո իրոք որ դարը փոխվել է, հիմա արհեստավորը ոչ միայն կոշկակարն է, այլև ՝ ծրագրավորողը։ Չնայած ծրագրավորողները հաճախ իրենց այլ ձև են պատկերացնում, բայց դա արհեստ է։

        • Մեկ էլ մի միտք պակաս մնաց, ծրագրավորում դասավանդելը ես որպես նպատակ չէմ դիտարկում, որ յանմ դպրոցի բոլոր շրջանավարտները պիտի միանգամից ընդունվեն ծրագրավորման ֆիրմաներ կամ ֆրիլասնով զբաղվեն։ Դա միջոց է մտքի դիսցիպլինա ձևավորելու համար։ Այդ նպատակին մի ժամանակ ծառայում էր մաթեմատիկան։ Բայց եթե կա ավելի հարմար այլընտրանք, ինչու՞ այդպես չանել։ Կամ եթե նոր միջոցը կարող է հնին լրացնել ու կատարելագործել, ինչու՞ չօգտվել դրանից։

  6. Քննարկումը դեռ չեմ կարդացել, հույս ունեմ` կհասցնեմ: Բայց ընդհանուր առմամբ համաձայն եմ ձեր ասածի հետ: Կարող եմ մի քանի օրինակ բերել հենց իմ ստացած կրթությունից:

    Սկզբում անդրադառնանք մտքի աչքեր-ձեռքերին: Վերցնենք ֆիզիկայից հաղորդիչների զուգահեռ և հաջորդական միացումները: Էդ նույն բանը ես բախտ եմ ունեցել անցնելու երկու սկզբունքորեն տարբեր դպրոցներում` մեկը բրիտանական (Չեխիայում), մյուսը` հայկական (Հայաստանում), ընդ որում` Չեխիայում տարիքով շատ ավելի փոքր եմ եղել: Երկու դպրոցներում էլ մեզ սովորեցրին, որ զուգահեռ միացման դեպքում լարումը բոլոր հաղորդիչներում մնում է նույն է, իսկ հաջորդական միացման դեպքում` ինչքան շատ ենք հաղորդիչ ավելացնում, էնքան նվազում է, իսկ շղթայի ընդհանուր լարումը հավասար է բոլոր հաղորդիչների առանձին լարումների գումարին: Հայաստանում էս պարզ գիտելիքը մեզ տեղ հասավ մի տոննա բանաձևերով, հաշվարկներով, որոնցից ոչինչ հիմա չեմ հիշում ու երևի էսքանն էլ չէի հիշի, եթե նույն գիտելիքը Չեխիայում էլ ստացած չլինեի: Իսկ Չեխիայում մեզ տվեցին մի արկղ լամպոչկա, հաղորդալարեր ու հոսանքի աղբյուր, հանձնարարեցին շղթա հավաքել: Հաջորդականը շատ հեշտ ստացվեց: Մենք մեր աչքով տեսանք, թե ոնց է ամեն լամպոչկա ավելացնելիս լույսը թուլանում: Զուգահեռը հավաքեցինք ուսուցչի օգնությամբ ու տեսանք, որ լամպոչկա ավելացնելիս լույսը մնում է նույնը: Էլ ի՞նչ հազար տեսակի բանաձև, ինչ բան, մենք գործնականում տեսանք երևույթը ու էլ երբեք չենք մոռանա:

    Ծրագրավորման պահով էլ եմ շատ համաձայն: Էստեղ էլ բերեմ ստատիստիկայի օրինակը: Ինձ համար ստատիստիկան միշտ եղել է տեսական գիտելիք, որը ոչ մի կերպ չեմ կարողացել գործնական դարձնել (մտքի աչքերը կային, ձեռքերը` չէ): Բայց Գերմանիայում, երբ մեզ սկսեցին ստատիստիկա դասավանդել, տեսական գիտելիքը մինիմումի էր հասցված: Ավելի շատ ծրագրավորում էր: Պիտի կոդեր գրեինք, որ ծրագիրը մեր ուզած ստատիստիկ հաշվարկները կատարել: Դաժան պրոցես էր, բայց գոնե դրանից հետո ստատիստիկ գիտելիքներս մի քիչ մտան գործնական դաշտ:

    • շնորհակալություն, հաջորդաբար և զուգահեռ միացումների օրինակը շատ լավն էր, այդպես էլ պետք է անել

  7. «Մարդու միտքի զարգացման արդյունքում կարող է ձևավորել երկու տեսակի ճանաչողության «օրգան»։ Դրանք ես անվանում եմ «մտքի աչքեր» և «մտքի ձեռքեր»։»

    —————-

    Նշված երկու ճանաչողական օրգաններին, կարծում եմ, պետք է ավելացնել նաև երրորդը՝ «մտքի թռիչքը»։

    Մեր կրթական համակարգը, և ընդհանրապես ցանկացած կրթական համակարգ, պետք է նաև լուրջ ուշադրություն դարձնի այն պարզ մտավոր ունակությանը, ինչն է երևակայությունը, տրված սահմաններից դուրս տեսնելու կարողությանը, առանց որի ցանկացած առաջընթաց դատապարտված կլիներ։ Կարելի է վիճել, թե սա ավելի շուտ բնատուր հատկություն է, բայց ցանկացած հատկություն դրսևորվում է համապատասխան միջավայրում, ինչն էլ պետք է ապահովի կրթական համակարգը։

    Այս երրորդը, սակայն, չի կարող լավ գործել առանց առաջին երկուսի։ Ըստ էության, ընկալելու, կիրառելու և ավելին տեսնելու ունակությունները հաջորդաբար լրացնող են և հանդիսանում են մեկը մյուսի հիմքը։ Ի վերջո, ցանկացած արվեստ ունի իր արհեստը, և լավ արվեստագետը առաջին հերթին նաև լավ արհեստավոր է։

    Այս առումով, կարծում եմ, որ կրթական համակարգը պետք է փորձի անհատի մեջ բացահայտել և զարգացնել այն ոլորտը կամ ոլորտները, որտեղ նրա երևակայությունը կգործի լավագույնս և որտեղ նա կկարողանա առաջընթաց ապահովել։

    Միաժամանակ նաև կարևորում եմ ընդհանուր զարգացվածությունը, սակայն մնացած ոլորտներում կրթական առումով անհատին պետք է որոշակի ազատություն տալ, թե իր մտքի «օրգաններից» որոնք և ինչ չափով օգտագործի։

Comments are closed.